
Սիրիայի Հալեպ քաղաքումիրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հուլիսի 27-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները Նայյալ թաղամասի մուտքի մոտ հրթիռ են արձակել, ինչի արդյունքում վիրավորներ ու զոհ կան։ Նախօրեին հրթիռակոծվել է նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասը՝ նյութական վնասներ առաջացնելով:
Միաժամանակ, ջրի ու էլեկտրականության մատակարարումը նախորդ օրերի համեմատ բարելավվել է։ Հոսանք լինում է օրվա մեջ 6 ժամ, ջուրը ևս շատ շրջաններում արդեն կա։ Ինտերնետային կապը շարունակում է խափանված մնալ, գրում է Tert.am-ը:
Մինչդեռ հայտնի է դարձել, որ «Ջեյշ ալ Ֆաթահ» ահաբեկչական խմբավորման զինյալները նոր տարածքներ են գրավել Սիրիայում` մասնավորապես երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքի արևմտյան արվարձանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքի վրա հղումով: Ըստ աղբյուրի, սիրիական բանակը կատաղի մարտերից հետո որոշել է նահանջել իր դիրքերից Հիթաբ, Ալ Մաշրեֆիա և Աուվար բարձունքներում` Ջիեր աշ Շուղուր քաղաքի մոտակայաքում:
Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում վերջին ամսվա ընթացքում ջրամատակարարում չի եղել։ Զգալի խափանումներով է մատակարարվել էլեկտրաէներգիան։
Ապրիլին Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց 15-րդ դարի եկեղեցին ավերակի էր վերածվել ռմբակոծության հետևանքով:
Հուլիսին Հալեպում ձերբակալված ահաբեկիչները խոստովանել են, որ իրենք նախքան սիրիական քաղաք մեկնելը Թուրքիայում գտնվող ռազմական ճամբարներում ռազմական պատրաստություն են անցել:
2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։
ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: