ԵՏՄ երկրներից ներկրված մեքենաներն ավելի հեշտ է ձևակերպել. «Մեկ պատուհան» է գործում28 հուլիսի 2015 - 16:05 AMT PanARMENIAN.Net - 2015-ից ԵԱՏՄ-ին միանալու կապակցությամբ՝ ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանն առաջնորդվում են նոր ընթացակարգերով: Մասնավորապես, միության անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում: «Խոսքը վերաբերում է ոչ միայն ԵԱՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլև ԵԱՏՄ-ում ձեռք բերված տարբեր երկրների արտադրության և մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են միության ապրանքի կարգավիճակ»,- տեղեկացրել է Մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը, մեջբերում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ԵՏՄ անդամ երկրներում հաշվառումից հանած ավտոմեքենաները Լարս անցակետում պարտադիր տրվող տրանզիտ հայտարարագրի հիման վրա ՀՀ տարածք մուտք գործելուց հետո հարկային մարմնում պետք է վճարեն ԱԱՀ-ն, ինչը նշանակում է, որ քաղաքացին ավտոմեքենայի հետ կապված որոշ գործառույթներ իրականացնելու համար պետք է տարբեր գերատեսչություններ այցելեր: Ավտոմաքսատան նախաձեռնությամբ ներդրված «մեկ պատուհան» սկզբունքի շնորհիվ ԵԱՏՄ-ից ավտոմեքենա ներկրողներն այժմ մեկ վայրում՝ մաքսատան հատուկ մասնագիտացված սպասարկման սրահում են վճարում ԱԱՀ-ն, որտեղ սպասարկում են հենց հարկային ծառայության աշխատակիցները: Սրահը նախատեսված է բացառապես ԵԱՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների ձևակերպման համար: 2015-ի հունվար-հունիսին Հայաստան է ներկրվել մոտ 13.000 ավտոմեքենա: Առաջին կիսամյակում՝ ավտոմաքսատունը պետական բյուջե է ուղղել մոտ 13.5 մլրդ դրամ: «Այդպիսով, նույն վայրում՝ մեկ հարկի տակ քաղաքացին ոչ միայն կատարում է իր հարկային պարտավորությունները, այլև միաժամանակ անցնում է փորձագիտական կենտրոնի զննությունը, ստանում Ինտերպոլի համապատասխան փաստաթուղթը և հաշվառման կանգնում ոստիկանությունում»,- ընդգծել է մաքսատան ղեկավարը: Քաղաքացիներին բարձրակարգ և արագ ծառայություն մատուցելու նպատակով, ավտոմաքսատանը միաժամանակ շարունակվում են ընթացակարգերի պարզեցմանն ու սպասարկման որակի բարելավմանն ուղղված բարեփոխումները: Մաքսային ձևակերպման գործընթացից ամբողջությամբ հանվել են պարամետրերը կամ, այսպես կոչված, օպցիաները: Գործարկվել է նաև ավտոմեքենաներում վնասակար արտանետումների չեզոքացուցիչի առկայությունը ստուգող փորձագիտական երկրորդ կետը` բացառելով հերթերը: Մաքսատանը եռամսյա պարբերականությամբ հետևում են նաև ավտոշուկայի համաշխարհային միտումներին` վերանայելով մաքսազերծման սակագները: ԵՏՄ-ն գործում է 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13%-ը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |