10 հոկտեմբերի 2006 - 15:11 AMT
Հրդեհներ Ղարաբաղում. ԼՂՀ-ում աշխատանքն է սկսել ԵԱՀԿ բնապահպանական իրավիճակի գնահատման առաքելությունը
Հոկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս Մայիլյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանամերձ գոտում բնապահպանական իրավիճակի գնահատման հարցով ԵԱՀԿ առաքելության անդամներին: Ողջունելով առաքելության անդամներին` Մասիս Մայիլյանն ընդգծեց, որ ԼՂՀ իշխանությունները միշտ բաց են միջազգային համագործակցության համար եւ ձեռնարկել են ամեն ինչ, որ ԵԱՀԿ դիտարկումը կայանա: Հաղորդելով, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը միջազգային հանրության հետ հաղորդակցվելու հարուստ փորձ ունի, ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը նշեց տվյալ Առաքելության տարբերակիչ առանձնահատկությունը` ադրբեջանցի փորձագետների մասնակցությունը:

Իր հերթին Առաքելության ղեկավար, ԵԱՀԿ էկոնոմիկայի եւ շրջակա միջավայրի հարցերով համակարգող Բեռնար Սնոյը (Բելգիա) երախտագիտություն հայտնեց նախատեսված ծրագրերի իրականացմանն էական աջակցության համար, նշելով, որ դիտարկմանը մասնակից ղարաբաղցի փորձագետները կառուցողական ներդրում են ունեցել Ադրբեջանի տարածքում Առաքելության աշխատանքում: Պրն. Սնոյը գոհունակություն հայտնեց նաեւ առ այն, որ ԼՂ իշխանությունները Ադրբեջանի ներկայացուցիչներին հնարավորություն են ընձեռել մասնակցել Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացվող դիտարկմանը:

«Մեր նպատակն է եզրակացության գալ ընդհանուր համաձայնության հիման վրա: Տվյալ Առաքելության նպատակը կողմերի միջեւ վստահության ամրապնդումն է, ինչը հետագայում կնպաստի ընդհանուր առմամբ հակամարտության կարգավորմանը»,-նշեց ԵԱՀԿ համակարգողը: Նրա խոսքերով, փորձագետները գնահատական կտան շրջակա միջավայրի վրա հրդեհների կարճաժամկետ եւ երկարաժամկետ ազդեցությանը եւ երաշխավորություններ կնախապատրաստեն դրանք կանխարգելելու նպատակով:

Առաքելության անդամների խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրեց հրդեհների շուրջ ստեղծված իարվիճակը: Նա մասնավորապես նշեց, որ հրդեհները սկսել են բռնկվել հունիսի սկզբներին` աննախադեպ չորային եղանակների պատճառով: «Մենք խորապես մտահոգված էինք ստեղծված իրավիճակով, քանի որ հրդեհները զգալի վնաս էին հասցրել ագրարային ուղղվածություն ունեցող մեր հանրապետությանը: Անհապաղ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` հրդեհների պատճառները պարզելու եւ դրանք մարելու աշխատանքները համակարգելու նպատակով: Պետությունը հավաքագրել է բոլոր ռեսուրսները հրդեհների դեմ պայքարելու համար եւ կարողացել է կանգնեցնել կրակի զանգվածային տարածումը: Հրդեհների մարումը դժվարանում էր նրանով, որ հրշեջները աշխատում էին ադրբեջանցի դիպուկահարների նշանառության տակ»,- ասաց Մասիս Մայիլյանը:

Ընդսմին, նա նշեց, որ հիմնախնդիրը քաղաքականցվում է Բաքվի կողմից, մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվում են նյութեր, որոնցում ղարաբաղյան կողմը մեղադրվում է հրդեհների կազմակերպման մեջ: «Հունիսին մենք ԵԱՀԿ գրասենյակ ենք հղել նամակ` ճգնաժամ-դիտարկում անցկացնելու պահանջով, ինչը վերջ կդներ Բաքվի անհիմն մեղադրանքներին: Առաջին դիտարկումն անցկացվել է հունիսի 28-ին, դրան հետեւել են երեք դիտարկումներ` հուլիսի 3,4,5-ին: Դիտարկումների արդյունքներով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նախապատրաստել է համապատասխան հաշվետվություն: Սակայն Ադրբեջանը տվյալ հարցը տեղափոխել է ՄԱԿ, ինչից մենք ծայրաստիճան դժգոհ ենք»,- ասաց Մասիս Մայիլյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: