10 հոկտեմբերի 2006 - 17:33 AMT
Արամ I-ը շնորհակալություն է հայտնել Ժակ Շիրակին Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման համար
«Եվրոպան պարզապես աշխարհամաս չէ, կամ քաղաքական միավոր, դա մարդու իրավունքների վրա հիմնված մշակութային եւ բարոյական արժեքներին նվիրված մի համայնք է: Հետեւապես, ես հարցնում եմ. ո՞րն է Թուրքիայի տեղը եվրոպական ընտանիքում»,- ասել է Կիլիկիո Մեծ Տան Կաթողիկոս Արամ I-ը` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին հղած նամակում: Արամ I-ը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման համար:
«Ես հատուկ ուրախությամբ ողջունում եմ Ձեր կողմից Երեւանում կատարած հայտարարությունը Հայոց ցեղասպանության առթիվ, որը եւս մեկ անգամ արտահայտում է Ձեր եւ Ֆրանսիայի ժողովրդի հստակ եւ վճռական դիրքորոշումն այս պատմական ողբերգության նկատմամբ: Ձեր դիրքորոշումն արժանի է Ֆրանսիային, նրա պաշտպանած սկզբունքներին, ինչպես նաեւ այն դերին, որը Ֆրանսիան կատարում է ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության գործում»,- ասվում է Կաթողիկոսի ուղերձում:
Արամ I-ը նաեւ նշել է, որ միջազգային հանրությունը պետք է ամենայն լրջությամբ մոտենա Հայոց ցեղասպանության հարցին, որը մինչ օրս անպատիժ է: «Ֆրանսիան` համամարդկային արժեքների, իրավականության եւ արդարության սկզբունքների նկատմամբ տածած իր նվիրվածությամբ, օրինակ է հանդիսանում այն երկրների համար, որոնք դեռ հերքում են Հայոց ցեղասպանության փաստը: Ես հավատում եմ մշակույթների, կրոնների եւ ժողովուրդների երկխոսությանը, եւ բազմաթիվ անգամներ անդրադարձել եմ այդ թեմային իմ քարոզներում, հասարակական ելույթներում եւ գրքերում: Սակայն երկխոսությանն ու հաշտեցմանը պետք է նախորդի արդարության ճանաչումը»,- ընդգծել է Կիլիկիո Մեծ Տան Կաթողիկոսը, հայտնում է Անթիլիասի Կաթողիկոսարանի մամլո ծառայությունը: