10 հոկտեմբերի 2006 - 17:53 AMT
Այսօր Հայաստանի առաջնային խնդիրը ԵՄ գործողությունների ծրագրի իրագործումն է
«Այսօր Հայաստանն իր առաջ խնդիր պետք է դնենք, որ արժեքների որդեգրման եւ տնտեսական բարիքների ստեղծման առումով կարողանանք Եվրամիության ընձեռնած բոլոր հնարավորություններից օգտվել»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցում: «Եւ միայն երբ մենք ինքներս զգանք, որ արդեն որակապես նոր հարթակի վրա ենք գտնվում, որոշել, թե Եվրամիության հետ մեր հաջորդ քայլն ինչ է լինելու»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը` ավելացնելով, որ դա երկկողմանի որոշում պետք է լինի, որովհետեւ վերջիվերջո շատ բան կախված է այն բանից, թե ԵՄ-ն ինչպիսի ծրագրեր է իր առաջ դնելու` ընդլայնման, այլ երկրների հետ հարաբերությունները խորացնելու առումով: «Այնպես որ այսօր մեր առաջնային խնդիրն է իսկապես գործի դնել հինգ տարվա այս ծրագիրը` Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագիրը, որ մենք մի ամսից կստորագրենք: Որովհետեւ դա բավական ընդգրկուն ծրագիր է, բազմաթիվ ոլորտների է վերաբերվում, լուրջ բարեփոխումների խնդիրներ կան այնտեղ, եւ եթե կարողացանք դա իրականացնել, ես համոզված եմ, որ 5 տարի հետո որակապես այլ պետություն ենք լինելու` մեր ժողովրդավարական մակարդակի եւ տնտեսական զարգացման առումով»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը: