11 հոկտեմբերի 2006 - 14:09 AMT
Euronews. «Նայելով 1915 թվականին սպանված հայերի լուսանկարներին, չի կարելի ասել, թե դրանք պարտիզաններ են»
Թուրքիայի խորհրդարանը կարող է օրենք ընդունել Ալժիրում Ֆրանսիայի գործողությունները ցեղասպանություն ճանաչելու մասին, եթե ֆրանսիական խորհրդարանն օրենք ընդունի թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին կրկին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, հաղորդում է Euronews հեռուստաալիքը: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը զգուշացրել էր ֆրանսիացի գործարարներին, որ հենց որ դա կատարվի, տնտեսական հարաբերություններն երկու երկրների միջեւ կսառեցվեն: Անկարան նաեւ կոչ է արել Եվրահանձնաժողովին ճնշում գործադրել Փարիզի վրա, նապատակ ունենալով համոզել Ֆրանսիային հրաժարվել օրենքի ընդունումից: Երեքշաբթի օրը խնդրի առկայությունը ճանաչել է ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլլի Ռենը: Նա դիմել է ֆրանսիացի օրենսդիրներին կոչ անելով կշռադատել ծրագրվող հարցի հետեւանքները: Օրենքի քննարկումը Ֆրանսիայի խորհրդարանում նախատեսվում է հոկտեմբերի 12-ին: Եթե օրենքն ընդունվի, ապա 1915 թվականին թուրք զինվորների կողմից միլիոն ու կես հայերի սպանության փաստը ժխտելու համար կնախատեսվի մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան խոստանում է, որ եթե դա տեղի ունենա, ապա «Ֆրանսիան Ալժիրում ցեղասպանություն չի գործել» արտահայտության համար թուրքական դատարանները կդատապարտեն եռամյա ազատազրկման: Պահպանված վկայություններին հակառակ, Թուրքիան պնդում է, որ այն ժամանակ սպանված հայերի թիվը չափազանցվում է, եւ բացի այդ, զոհվում էին հիմնականում պարտիզանները: Հեռուստառեպորտաժում ցուացդրվել են սպանված երեխաների եւ կանանց լուսանկարներ, որոնց ֆոնի վրա հաղորդավարն ասել է.«Նայելով 1915 թվականին սպանված հայերի լուսանկարներին, չես ասի, թե դրանք պարտիզաններ են...»:

Մինչդեռ, ինչպես հաղորդում է «Զաման» թերթը, Ալժիրի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռեգուդ Բենտաբետն երախտագիտություն է հայտնել Թուրքիայի խորհրդարանին «Ալժիր ժողովրդի դեմ Ֆրանսիայի ցեղասպանության» մասին օրինագծի համար: