6 օգոստոսի 2015 - 11:00 AMT
NASA-ն ցուցադրել է Լուսնի մութ կողմի հազվագյուտ լուսանկարը Երկրի ֆոնին

NASA-ի DSCOVR տիեզերական սարքը ստացել է Լուսնի հակառակ` մութ կողմի լուսանկարը Երկիր մոլորակի ֆոնին: DSCOVR-ում տեղադրված Earth Polychromatic Imaging Camera (EPIC)-ն պատկերների շարքը ստացել է 2015-ի հուլիսի 16-ին Երկրից 1,5 մլն հեռավորությունից: Նկարահանումը տևել է մոտ 5 ժամ:

Լուսնի մի կողմը երբեք տեսանելի չէ Երկրից, քանի որ իր առանցքի շուրջ և Երկրի շուրջ արբանյակի պտտվելու շրջանները շատ մոտ են` Լուսնի հակառակ կողմը նաև անվանում են մութ կողմ: Նման սինխրոնիզացման պատճառը համարվում են մակընթացությունները, որ Երկիրն առաջացնում է Լուսնի կեղևում: Առաջին անգամ Լուսնի հակառակ կողմը լուսանկարել է սովետական «Լուսին-3» -ը 1959 թ. հոկտեմբերի 7-ին:

Լուսնի աջ կողմում կարելի է տեսնել տարօրինակ կանաչավուն երանգներ: Բանն այն է, որ EPIC գունավոր լուսանկարները ստացվում են կարմիր, կանաչ և կապույտ երանգների պատկերների համադրությունից, որոնք նկարված են 30 վայրկյան ընդմիջումներով: Այդ ընթացքում Լուսինը հասցնում է մի փոքր տեղաշարժվել, ինչը թույլ չի տալիս իդեալական գունային գամմա ստանալ պատկերում:

Լուսանկարներն արվել են DSCOVR-ի ճիշտ աշխատանքի փորձարկման շրջանակում: Նման տիպի հաջորդ պատկերները NASA-ն ծրագրում է ստանալ տարին երկու անգամ:

DSCOVR (Deep Space Climate Observatory) սարքը տիեզերք ուղարկվեց 2015-ի փետրվարի 12-ին Falcon 9 հրթիռակրի օգնությամբ Ֆլորիդայում գտնվող Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից: DSCOVR-ը նախատեսված է արեգակնային ակտիվությանը հետևելու համար: Նրա օգնությամբ հնարավոր կլինի հետևել արևային քամուն և լուսատուների արտանետումներին: Արբանյակը դուրս կբերվի ուղեծիր Լագրանժի կետում, որը գտնվում է Երկրի և Արեգակի միջև մոլորակից մոտ 1,5 մլն կմ հեռավորության վրա: