6 օգոստոսի 2015 - 12:13 AMT
Ճապոնիայում կառուցել են աշխարհի ամենամեծ հողմային գեներատորը

Ճապոնական Ֆուկուսիմայի ափամերձ շրջանից 20 կմ հեռավորության վրա ավարտվել է աշխարհի ամենամեծ լողացող հողմային էլեկտրագեներատորի մանտաժը: Կառույցի բարձրությունը մոտ 105 մ է, իսկ էլեկտրական գեներատորի հզորությունը 7 ՄՎտ: Հողմային գեներատորը ամրացված է 20-տոննայանոց խարիսխների միջոցով և այնպես է հաշվարկված, որ կարող է դիմանալ ծովային ալիքների և մինչև 20 մ բարձրության ցունամիի ազդեցությանը:

Բազմամյա հետազոտությունները ցույց տվեցին, որ Հայաստանում մեծ հեռանկարներ կան հողմային էներգետիկայի զարգացման համար: Տնտեսապես հիմնավորված պոտենցիալը գնահատվել է 1,26 մլրդ կվտ/ժ: 1999 թ. Հոլանդիայի կառավարությունը դրամաշնորհ տրամադրեց Հայաստանին, ինչը թույլ տվեց ArmNed Wind ծրագրի շրջանակում համապատասխան մշտադիտարկում իրականացնել: 1999-2002 թթ. 5 կայան տեղադրվեց Պուշկինի, Սելիմի, Քարաղաչի լեռնանցքերում, Արդանի ավանում և Արփի լճի մոտ:

Հողմակայանի տուրբինի մոնտաժը 4 անգամ հետաձգվել է թայֆունների շարքի պատճառով: Սակայն այժմ, երբ հողմակայանը, որի բարձրությունը հավասար է Սբ Պետրոսի տաճարի բարձրությանը Լոնդոնում, տեղակայված է, բնական աղետներն այլևս սպառնալիք չեն նրա համար: Ամբողջ կառույցը հաշվարկված է մինչև 20 մ բարձրության ալիքների դիմակայելու համար: Սակայն տեղակայման վայրում 10 մ բարձր ալիքներ չեն լինում, ուստի լողացող հարթակը ծովի հատակում գտնվող խարիսխներին կապող շղթաների երկարությունը կրճատվեց:

Այդ շղթաներում է թաքնված գեներատորի կայունության գաղտնիքը: Եթե բարձր ալիքի դեպքում խորությունը կտրուկ փոխվում է, ապա տուրբինը ազատ տեղաշարժվում է թույլատրելի սահմաններում` խուսափելով կառուցվածքի վնասվածքներից:

Այս ջանքերը 2011 թ. ցունամիի անմիջական հետևանքն են. Ֆուկուսիմայի ատոմակայանում աղետալի վթարի վնասը գնահատվում է մոտ 80 մլրդ դոլար: Մինչ երկրաշարժը Ճապոնիայում արտադրվող էներգիայի մոտ 30 տոկոսը արտադրում էին ատոմակայանները, սակայն Ֆուկուսիմայի վթարից հետո, բոլոր 48 միջուկային ռեակտորներն աստիճանաբար կանգնեցվեցին և շեշտը դրվեց այլընտրանքային էներգետիկայի զարգացման վրա:

Լողացող հողմային գեներատորը մեծ փորձարարական նախագծի առաջին փուլն է միայն: Ծրագիրը մասնակիորեն ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարությունը: Այս նախագծի շրջանակում կստեղծվի լողացող հողմակայան, որի կազմում կլինի 3 հողմային գեներատոր և 1 լողացող էլեկտրական ենթակայան, որը ծառայում է ստացված էլեկտրաէներգիան ափ փոխանցելուն:

Լողացող հողմային գեներատորի շինարարությանը մասնակցել է 10 տարբեր ճապոնական ընկերություն, այդ թվում հայտնի Shimizu Construction և Mitsubishi Heavy Industries-ը:

Միջազգային փորձագետների կարծիքով, Հայաստանում կան բոլոր բարենպաստ պայմաններն արևային, հողմային, երկրաջերմային էներգետիկայի զարգացման համար: Ըստ «Մաքուր էներգիա» կազմակերպության գնահատականի, քամու էներգիայի պոտենցիալը Հայաստանում կազմում է մոտ 10 000 ՄՎտ, ինչը 10 անգամ գերազանցում է ԱԷԿ-ում արտադրվող էներգիայի ծավալը: Ամենանշանակալի նախագիծն այդ ոլորտում Հարավային Կովկասում միակ «Լոռի-1» հողմակայանն է Բազումի լեռնաշղթայում, որի հզորությունը 2,64 մՎՏ է:

Կառավարությունը ընդունել է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ազգային ծրագիրը 2007 թվականին: ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի հիմնական խնդիրն է նախանշել Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրային նպատակները և որոշել դրանց հասնելու ուղիները: Այսօրվա դրությամբ էներգիայի այլընտրանքային աղբյուրներն ապահովում են ստացվող էլեկտրաէներգիայի միայն 20 տոկոսը:

Վերջերս, համատեղ հայ-ամերիկյան «Զոդ-Ուինդ» ընկերությունն ավարտել է մոնիտորինգը Գեղարքունիքում` Զոդի շրջանում: Այժմ բանակցություններ են ընթանում տարբեր կազմակերպությունների հետ 20 Մվտ հզորության «Զոդ» հողմակայանի կառուցման նպատակով: