Թբիլիսի. Աբխազական երկաթուղու բացման հարց օրակարգում չկա

Թբիլիսի. Աբխազական երկաթուղու բացման հարց օրակարգում չկա

PanARMENIAN.Net - Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսման հարց օրակարգում չկա: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փախստականների և բնակեցման նախարար Սոզար Սուբարին: Նա նշել է, որ եթե աբխազական կողմը որոշել է մաքրել ու վերանորոգել երկաթուղին, «մենք չենք կարող դա արգելե»:

«Արգելե՞լ երկաթուղու մաքրման աշխատանքները: Եթե նրանք մաքրում են, մենք չենք կարող արգելել: Եթե նրանք վերանորոգում են, ինչ-որ բան են անում, դա էլ չենք կարող արգելել: Եթե ձեզ հետաքրքրում է, թե արդյո՞ք Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցն օրակարգում է և արդյք բանակցություններ են ընթանում աբխազների, Ռուսաստանի, Հայաստանի կամ որևէ մեկի հետ, ապա ոչ մի նման բան չկա»,-հայտարարել է Սուբարին: Ըստ նրա, եթե խոսակցություններ սկսվեն այդ մասին, վրացական կողմը պետք է տաբու դնի և պետք է ուսումնասիրել հարցը` թե ում շահերից է դա բխում. Վրաստանի՞, Ռուսաստանի՞ թե էլի ինչ-որ մեկի:

«Մենք պետք է անենք այն ամենն, ինչ բխում է մեր շահերից, սակայն այս պահի դրությամբ նման թեմա ընդհանրապես չկա: Այդ թեմայի շուրջ բանակցություններ չեն ընթանում»,-հայտարարել է Սուբարին, գրում է «Նաշա Աբխազիան»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական զորքերը մաքրման աշխատանքներ են սկսել աբխազական երկաթուղում: Ինչպես հայտարարել է երկաթուղու վարչության փոխտնօրեն Իգոր Մարգանիան, երկաթուղին պատրաստում են վերագործարկման` Աբխազիայով տարանցիկ երթևեկության համար:

Այժմ մաքրման աշխատանքներն իրականացվում են Օչամչիրայից մինչև Ինգուրի գետն ընկած հատվածում: Այսօրվա դրությամբ ճանապարհի այդ հատվածը քանդված է և Մարգանիան ենթադրում է, որ այս հատվածը մաքրում են հետագայում վերականգնելու համար:

Աբխազիայի տրանսպորտի վարչության պետ Զաուր Հաջիմբան հայտնել է, որ Աբխազիայում այդ զորքերն անսպասելի են հայտնվել, «մեր կողմից այդ հարցի շուրջ ոչ մի համաձայնություն չկա»: Նա նշում է, որ աբխազական կողմը համաձայնություն է տվել նախապատրաստական աշխատանքների անցկացմանը: «Մեզ դրանից ոչ մի վնաս չկա, միայն` օգուտ»,-ասել է Հաջիմբան, հայտնում է «Գրուզիա Online»-ը:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, երկաթուղու մաքրմամբ զգաղվում է Ռուսաստանի երկաթուղային զորքերի 800 զինծառայող:

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992-ին: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ: Փետրվարի 27-ին Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին հայտարարեց, որ կառավարությունն այս փուլում չի քննարկում Աբխազիայի տարածքով Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը: «Սա շատ բարդ հարց է, կապված բազում նախադրյալների հետ: Այս փուլում Վրաստանի կառավարությունն այդ հարցը չի քննարկում»,- ասել էր նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---