11 հոկտեմբերի 2006 - 17:28 AMT
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե Հայաստանի իշխանությունները դեմ են Ցեղասպանության մասին օրնագծին, սուտ են
Թուրքական «Հյուրիեթ» թերթը «Ֆրանսիայում օրինագծի քննարկման դեմ հնչող ձայները» հոդվածում գրում է ինչ-որ «աղբյուրների մասին Հայաստանից», որոնք պնդում են թե Հայաստանի առաջին դեմքերը դեմ են Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունմանը, սկսած երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանից եւ ավարտած Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն ներկայացուցիչներով: Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Երեւան կատարած այցի ընթացքում Ռ.Քոչարյանն ասել է, որ «օրինագծի ընդունումը ի չիք կդարձնի այն փոքր քայլերը, որոնք արվել են Թուրքիայի հետ հաշտեցման ճանապարհին եւ ավերակների կվերածի հայ-թուրքական հարաբերությունները»: Ռ.Քոչարյանն իբր խնդրել է Ժակ Շիրակին հանել Հայոց ցեղապանության մասին օրինագծի քննարկումը Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգից: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին լավատեղյակ աղբյուրներից, տեղեկությունն, որ տարածվել է թուրքական մամուլում Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի հոկտեմբերի 12-ին կայանալիք քննարկման կապակցությամբ, սուտ է: Դա մաքուր ապատեղեկատվություն է, որը լիովին համապատասխանում է թուրքական քաղաքականությանը: