ՀՀ-ում 74.400 գործազուրկ կա, որոնցից 52.400-ը՝ կանայք. 6 ամսում աշխատանք է գտել 4.566 մարդ

ՀՀ-ում 74.400 գործազուրկ կա, որոնցից 52.400-ը՝ կանայք. 6 ամսում աշխատանք է գտել 4.566 մարդ

PanARMENIAN.Net - Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 85.500 ՀՀ քաղաքացի, որոնցից 58.100-ը կանայք են, 20.900-ը` երիտասարդ: Գործազուրկների թիվը կազմում է աշխատանք փնտրողների 87%-ը կամ 74.400:

Գործազուրկների թիվը Հայաստանում 2015-ի հունիսի 1-ի դրությամբ 74.311 էր: Մարտի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թիվը կազմում էր 76.400 մարդ:

Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների 70,4%-ը կամ 52.400 մարդ:

Երիտասարդները գործազուրկների 24,2%-ն են կամ 18.000 մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք 3,2%-ը կամ 2.400 մարդ, գրում է Panorama.am-ը:

Գործազուրկների ընդհանուր թվում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 13,3%-ը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 19,3%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 6,1%-ը, ընդհանուր միջնակարգ, հատուկ ընդհանուր կրթություն ունեցողները, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 61,3%-ը: Մասնագիտական կրթություն ունեցողների մեջ շատ են ճարտարագետները, մանկավարժները, բուժքույրերը, տեխնիկները, ֆինանսիստները, տնտեսագետները, իրավագետերը և այլ բանվորական մասնագիտացում ունեցողները:

Ըստ տարիքի, գործազուրկների մեջ 16-29 տարեկանները կազմում են 24,2%, 30-44 տարեկանները` 40,1%, 45-54 տարեկանները` 20,7 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 15%:

Գործազուրկների թվում աշխատաշուկայում անմրցունակ անձինք 64.1 հազարն են կամ 86,1%-ը:

2015-ի հունվար-հունիսին աշխատանքի է տեղավորվել 4566 աշխատանք փնտրող, որից 2992-ը` կին, 3833-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ: Աշխատանքի տեղավորվածներից 1205-ը երիտասարդ են:

Հունիսի ընթացքում գործակալություն է ներկայացվել 2380 թափուր աշխատատեղ, որից 67,7%-ը կրկնվող աշխատատեղ է:

Աշխատաշուկայում պահանջված են հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող բժիշկները (մարզերում), ճարտարագետները, հաշվապահները, դասավանդողները, դաստիարակները, մենեջերները, գործակալները, միջին մասնագիտական՝ բուժքույրերը, դիզայներները, վաճառողները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, սարքավորումների և համակարգչային օպերատորները և նախնական՝ ավտովերանորոգողները, էլեկտրիկները, որմնադիրները, կարողները, վարորդները, կոշկագործները, կռունկավարները, փականագործները, խառատները, ատաղձագործները, եռակցողները և բանվորական այլ մասնագիտություններ ունեցողները:

Հայաստանում գործազուրկների թիվը 2014-ին աճել է 17,9%-ով ` 55.900-ից հասնելով 65.900 մարդու: 2014-ին աշխատանքի է տեղավորվել 11.495 մարդ, որոնցից 7.093-ը կանայք են:

Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը 2014-ին կազմել է 1.375.400 մարդ, որոնցից 1.133.700-ը զբաղվածներ և 241.7 հազարը՝ գործազուրկներ։ Իսկ աշխատանքային ռեսուրսները կազմել են 2.179.600 մարդ (անկումը մեկ տարում` 0,4%)։ Տտնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը կազմել է 804.200 մարդ 2013-ի 800.700-ի դիմաց։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---