ՀՀ-ում խաղողի կոլեկցիոն այգի կստեղծվի. Նպատակը՝ պահպանել հայկական սորտերի գենոֆոնդը

ՀՀ-ում խաղողի կոլեկցիոն այգի կստեղծվի. Նպատակը՝ պահպանել հայկական սորտերի գենոֆոնդը

PanARMENIAN.Net - Խաղողի գենետիկական հայկական սորտերի պահպանման նպատակով առաջիկայում մոտ 5 հեկտար տարածության վրա կստեղծվի խաղողի կոլեկցիոն այգի, որտեղ կպահպանվի խաղողի հայկական սորտերի գենոֆոնդը: Այս մասին օգոստոսի 10-ին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանրապետությունում խաղողագործության զարգացման հարցերը քննարկելու ընթացքում:

Նախարարը տեղեկացրել է ներկաներին, որ հաշվի առնելով ոլորտի ընթացիկ զարգացումները` անհրաժեշտություն է առաջացել վերանայել խաղողագործության զարգացման ռազմավարությունը, որը հնարավորություն կտա ապահովել խաղողագործության ճյուղի հետագա կայուն զարգացումը:

«Խաղողագործության զարգացումը մեր երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունի, և պետք է համախմբենք հանրապետության ամբողջ մասնագիտական ներուժն այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար»,- ասել է Կարապետյանը:

Նախարարը հավելել է, որ այդ նպատակով ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ֆիլոքսերա վնասատուի առկայության պայմաններում խաղողագործության ռազմավարության մշակմամբ, ներգրավված կլինեն նաև միջազգային փորձագետներ:

Ռազմավարությունը պետք է ընդգրկի ոլորտի զարգացման 10 տարվա տեսլականը` ներկայացնելով ըստ քայլերի հաջորդականության իրականացվելիք միջոցառումները` պետական խիստ վերահսկողության ներքո:

Գյուղնախարարությունը սպասում է մոտ 280.000 տ խաղողի համախառն բերքի, որից պետք է մթերվի 196.000 տ, սակայն պահանջարկը կազմում է 160.000 տ:

ՀՀ կառավարությունում օգոստոսի 8-ին խորհրդակցություն է կայացել Հայաստանում ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման գործընթացի մասին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Կառավարությունը կարևորում է խաղողի մթերման գործընթացի ժամանակին ու սահուն կազմակերպումը և պատրաստ է աջակցելու վերամշակող ընկերություններին՝ խաղողի լրացուցիչ քանակության մթերման խնդիրը լուծելու համար: Վարչապետը ընդգծել է, որ գործադիրը կանի հնարավորը, որպեսզի խաղողի բերքը չմնա գյուղացու մոտ, և վերամշակող գործարաններն ընդունեն այն: Աբրահամյանը նշել է, որ Կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ կքննարկի և հետամուտ կլինի ֆինանսական ռեսուրսի տրամադրման հարցի լուծմանը: Գյուղնախարարը նշել է, որ խաղողի լրացուցիչ քանակության մթերման նպատակով վերամշակողները հիմնականում բարձրացրել են շրջանառու միջոցների համալրման համար վարկային միջոցների տրամադրման հարցը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---