Իրանի ԱԳ նախարարը հետաձգել է այցը Թուրքիա. Պատճառները չեն նշվում

Իրանի ԱԳ նախարարը հետաձգել է այցը Թուրքիա. Պատճառները չեն նշվում

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հետաձգել է այցը Թուրքիա: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում:

«Այս պահի դրությամբ Իրանի ԱԳ նախարարի օգոստոսի 11-ին նախատեսված այցը չի կայանա: Այն հետաձգվել է, մեր տվյալներով պարոն Զարիֆն Անկարա կժամանի ավելի ուշ, թե երբ` դեռ հայտնի չէ»,-հայտնել է մամուլի ծառայության աշխատակիցը: ԱԳՆ-ում, սակայն, չեն հստակեցրել, թե որն է այցի հետաձգման պատճառը:

Զարիֆն Անկարայում պետք է քննարկեր Սիրիայի ճգնաժամի հաղթահարման, ինչպես նաև «Իսլամական պետության» դեմ պայքարին առնչվող հարցեր: Մասնավորապես, Իրանի ԱԳ նախարարն իբր պատրաստվում էր Անկարային ներկայացնել Թեհրանի մշակած գործողությունների պլանը: Ըստ որոշ տվյալների, այն ենթադրում էր գործող ռեժիմի հսկողության տակ թողնել երկրի մի շարք շրջաններ, իսկ այն շրջանները, որոնք այժմ ընդդիմության հսկողության տակ են, կմնային նույն կարգավիճակում: Ընդ որում հատուկ ուշադրություն պետք է դարձվեր սունի բնակչության անվտանգությանը:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

Անկարայում բանակցությունների ավարտից հետո Զարիֆը պետք է մեկներ Բեյրութ` հանդիպելու «Հեզբոլլահի» ղեկավարության հետ:

Անկարան ու Թեհրանը լուրջ տարաձայնություններ ունեն Սիրիայի ապագայի հարցում: Թուրքիան կտրականապես դեմ է իշխանության գլուխ Ասադի մնալուն: Իսկ Իրանը հնարավոր է համարում դա` գտնելով, որ սիրիական ճգնաժամը կարելի է հաղթահարել գործող ղեկավարության մասնակցությամբ: Սակայն, կողմերը համակարծիք են, որ առաջնային խնդիրը Սիրիայի ներսում ահաբեկչական սպառնալիքի չեզոքացումն է:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---