«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի 2016-ի աշխարհի առաջնությունը՝ ՀՀ-ում

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի 2016-ի աշխարհի առաջնությունը՝ ՀՀ-ում

PanARMENIAN.Net - 2016-ին Ծաղկաձորում կանցկացվի միջազգային «Ի՞նչ, որտե՞ղ , ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը: Այս մասին օգոստոսի 11-ին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ օրերս Ակումբների միջազգային ասոցիացիայից (նախագահ Կոզլովի կողմից) գրավոր պատասխան են ստացել, որ Գիտակների հայկական ասոցիացիայի՝ ՀՀ-ում խաղի անցկացման հայտը բավարարվել է:

Աշխարհի առաջնությունն անցկացվելու է ՀՀ նախագահի հովանու ներքո: ԿԳ նախարարը լինելու է Հայաստանի կողմից կազմակերպչական աշխատանքների համակարգողը, իսկ բլոգեր Տիգրան Քոչարյանը կզբաղվի գործադիր հարցերով:

Նախարարը նշել է, որ Հայաստանում ինտելեկտուալ շարժումը վերջին տասը տարիներին գտնվում է ՀՀ կառավարության հովանու ներքո, դրան ուղղվում են համապատասխան բյուջետային հատկացումներ և այլն: Ինչպես նաև ծրագրավորված, համակարգված աշխատանք է տարվում Հայաստանում ինտելեկտուալ շարժումը քարոզելու ու ավելի համատարած դարձնելու ուղղությամբ: Այդ նպատակով կազմակերպում են փառատոններ, օլիմպիադաներ, գրում է Tert.am-ը:

«Հայաստանում աճում է նոր սերունդ, և մեզ հաջողվել է այս տարիների ընթացքում պահպանել շարժումը, թույլ չտալ, որ այն մարի, նման վտանգ կար 2000-ականներին»,- նկատել է Աշոտյանը:

Տիգրան Քոչարյանը հավելել է, որ թեև խաղը ռուսալեզու է, սակայն վերջին տարիներին շեշտը դրվում է նաև դրա հայերեն տարբերակն էլ զարգացնելու վրա:

Ըստ բանախոսների, հետևողական աշխատանքի արդյունքում լավագույն արդյունքներ են գրանցվել միջազգային ասպարեզում: Կան այս ուղղությամբ հստակ ձեռքբերումներ, և դրանցից մեկը դիլիջանյան փառատոնն է, որին մասնակցում են նաև թիմեր այլ երկրներից:

«Դիլիջանյան խաղեր» միջազգային ինտելեկտուալ փառատոնի շրջանակում 2014-ին Դիլիջանում տեղի է ունեցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի «Premier’s Cup. Դիլիջանյան խաղեր 2014» միջազգային մրցաշարը, որն կազմակերպում է Գիտակների հայկական ասոցիացիան: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Վրաստանի ուժեղագույն թիմերը:

Այս փառատոնը պարբերաբար ճանաչվում է լավագույնը «Ի՞նչ , որտե՞ղ, ե՞րբ» միջազգային ասոցիացիայի մակարդակով: Նաև անցյալ տարի ակումբներից մեկը դարձել է բրեյն ռինգի փոխչեմպիոն:

Գիտակների հայկական ասոցիացիան ներկայացնող «Նուիխ-Թելսել» երևանյան թիմը հուլիսի 31-ից օգօստոսի 2-ը Բաթումում գիտակների ինտելեկտուալ խաղերի Սևծովյան բաց գավաթի 4-րդ առաջնությունում «Բրեյն ռինգ» մրցաշարում գավաթ է նվաճել: Առաջնության ընթացքում անցկացվել են նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Քո խաղը» և այլ ինտելեկտուալ խաղեր: Հայ գիտակ Ստեփան Սմբատյանը («Նուիխ-Թելսել») «Քո խաղը» մցաշարում դարձել է եզրափակչի մասնակից:

2014-ին «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ հեռուստախաղի աշխարհի փոխչեմպիոն է դարձել հայաստանյան «Երևան» թիմը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---