11 հոկտեմբերի 2006 - 20:26 AMT
Երեւանում բացվել է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը
ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի բացումը Հայաստանում համապատասխանում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության Ծրագրի(IPAP) պահանջներին: Այդ մասին Երեւանում կենտրոնի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ բարձրացել են նոր մակարդակի եւ դրանում իր դերը կունենա նաեւ նորաբաց կենտրոնի աշխատանքը: «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն կկարողանան առավել լավ ճանաչել իրար եւ առավել նախապատրաստված կլինեն ծագող խնդիրներին եւ մարտահրավերներին»,-նշել է Կիրակոսյանը: Իր հերթին, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսն ընդգծել է, որ Կենտրոնը կապող օղակ կդառնա Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ: «Կենտրոնի բացումն ասում է այն մասին, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները լավ տեմպերով են զարգանում եւ մենք շատ երախտապարտ ենք Հայաստանի կառավարությանն աջակցության համար»,-ասել է Ռոբերտ Սիմոնսը: Պաշտոնապես կենտրոնն իր աշխատանքը կսկսի նոյեմբերի 1-ից, սակայն ոչ պաշտոնական բացումը հարմարեցվել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի այցին:
Իրավաբանորեն կենտրոնը չի ենթարկվում Դաշինքին, նրա հիմնադիրը «Տրանսատլանտյան նախաձեռնության հայկական կենտրոնն է», որը սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության հետ, ՆԱՏՕ-ի հասարակության հետ կապերի վարչության, ինչպես նաեւ Հայկական ատլանտյան ասոցիացիայի հետ: Կենտրոնի գլխավոր նպատակն է լիարժեք տեղեկություններ հաղորդել Հայաստանի քաղաքացիներին ՆԱՏՕ-ի մասին, ինչպես նաեւ սերտ համագործակցության հաստատել Հայաստանի եւ եվրաատլանտյան երկրների միջեւ:
Բացման արարողությանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին, ինչպես նաեւ ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան Ստեֆան Դիմիտրովը: