11 օգոստոսի 2015 - 18:42 AMT
Ադրբեջանում ազատազրկված Իսմայիլովան՝ Էլիսոն Դես Ֆորգսի անվան մրցանակի հաղթող

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, որը 2014-ի դեկտեմբերից կալանքի տակ է, դարձել է Էլիսոն Դես Ֆորգսի անվան հեղինակավոր մրցանակի չորս դափնեկիրից մեկը։

Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին: Ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրան մեղադրանք է ներկայացրել ևս 3 հոդվածով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել:

Մրցանակին արժանացել են նաև իրավապաշտպան Նիշա Այուբը՝ Մալայզիայից, լրագրող Յուրա Բադերը՝ Սիրիայից, և իրավապաշտպան Նիկոլաս Օփիյոն՝ Ուգանդայից, Human Rights Watch-ին հղումով հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:

Էլիսոն Դես Ֆորգսը գրեթե 20 տարի եղել է Human Rights Watch-ի ավագ խորհրդատուն, մահացել է 2009-ին ՝ ավիավթարից։ Նա եղել է Ռուանդայի 1994-ի ցեղասպանության հարցով առաջատար փորձագետներից մեկը։ Էլիսոն Դես Ֆորգսի անվան մրցանակը հիմնվել է ի հիշատակ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նրա նվաճումների։

«Էլիսոն Դես Ֆորգսի անվան մրցանակը հանձնվում է նրանց, ովքեր արիաբար պայքարում են մարդու իրավունքների համար՝ հաճախ վտանգավոր իրավիճակներում և անձնական մեծ զոհաբերությունների գնով»,- հայտարարել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։

Իսմաjիլովային հուլիսի 30-ին ԱՄՆ Մամուլի ազգային ակումբն իր բարձրագույն մրցանակն է շնորհել: Բաքվի դատարանը մայիսին երկարաձգել է Իսմայիլովայի կալանքի ժամկետը 3 ամսով՝ մինչև օգոստոսի 24-ը: Դատախազությունը պնդում է, որ ազատության մեջ Իսմայիլովան կարող է ազդել քննության վրա կամ թաքնվել: Սա արդեն լրագրողի կալանքի ժամկետի երրորդ երկարաձգումն է:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: