Սիրիայի հարավ-արևմուտքում 2-օրյա հրադադար է հայտարարվել. Հայազգի զինվոր է զոհվել

Սիրիայի հարավ-արևմուտքում 2-օրյա հրադադար է հայտարարվել. Հայազգի զինվոր է զոհվել

PanARMENIAN.Net - Սիրիական բանակն ու նրան սատարող լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը պայմանավորվել են գրոհայինների հետ երկօրյա հրադադարի մասին Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Զաբադանի քաղաքում և Իդլիբ գավառի երկու գյուղում: Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը բանակցություններին մոտ աղբյուրի վրա հղումով: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի օգոստոսի 12-ին տեղի ժամանակով 6:00-ին (տեղական ժամանակը համընկնում է մոսկովյանի հետ):

Գործակալությունը նշում է, որ գրոհայինների կողմից բանակցություններին մասնակցել են «Ջեբհատ ան Նուսրա» խմբավորման դաշնակից «Ահրար աշ Շամ» շարժման ներկայացուցիչները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ Սիրիայի ՌՕՈւ ինքնաթիռները լիբանանյան «Հեզբոլլահի» մարտիկների աջակցությամբ կարողացել են առաջ անցնել Զաբադանի քաղաքի արևմտյան մասում` Դամասկոսից 25 կմ հեռավորության վրա և ոչնչացրել 8 գրոհայինի: 9 գրոհային գերեվարվել է: Բանակի առաջապահ ստորաբաժանումներն ամրացել են քաղաքի արևելքում գտնվող մի քանի բարձրահարկ շենքերում:

Զաբադանի շրջանում մարտերի ժամանակ զոհվել է սիրիական բանակի հայազգի զինծառայող, 1993-ին ծնված Հաբեթ Աբրիկյանը, ասվում է «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջում:

Քաղաքի գրոհը սկսվել էր հուլիսի սկզբին: Հարձակումն ուղեկցվում էր ավիացիայի և հրետանու զանգվածային գրոհներով և գնդակոծություններով: Մի քանի ժամ անց քաղաքի մեծ մասն անցավ զինվորականների հսկողության տակ:

Մինչդեռ օգոտոսի 11-ին հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր հարձակում է իրականացրել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող սիրիացի ապստամբների վրա՝ տարածքներ գրավելով թուրք-սիրիական սահմանի մոտակայքում՝ այնտեղ, որտեղ Թուրքիան և Միացյալ Նահանգները նպատակ են դրել ջիհադական խմբից ազատ գոտի ստեղծել:

Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---