12 օգոստոսի 2015 - 15:31 AMT
BMW-ն մտադիր չէ Google-ին վաճառել Alphabet ապրանքանիշը

Ամերիկյան Google ընկերությունն օգոստոսի 11-ին հայտարարեց, որ դառնալու է Alphabet հոլդինգի մասը, որը կգլխավորեն Google-ի հիմնադիրներ Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը: Սակայն, պարզվեց, որ ինչպես Alphabet.com դոմենն, այնպես էլ Alphabet ապրանքանիշն արդեն ունեն սեփականատեր` դա BMW գերմանական կոնցերնն է:

Alphabet հոլդինգը նոր խաղացող է դառնում շուկայում, որի կազմում դուստր ձեռնարկության իրավունքով կլինի ինչպես բուն Google-ը, այնպես էլ նրա բոլոր նախորդ նախագծերը` մասնավորապես, Calico-ն, Fiver-ը, Google Ventures-ը, Google Capital-ը, Google X-ը, Life Sciences-ը և Nest-ը: Ընկերությունում կարծում են, որ դա առավել մեծ ինքնուրույնություն կտա նրանց և ղեկավարման առավել հստակ կառուցվածք:

Alphabet-ը BMW ստորաբաժանման անվանումն է, որը զբաղվում է կորպորատիվ հաճախորդների համար տարբեր տեսակի բեռնափոխադրումների կազմակերպմամբ: Alphabet.com դոմենի անվանումը գրանցվել է 1995 թ.: The New York Times-ի հետ զրույցում BMW ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ դոմենն ու ապրանքանիշը Google-ին վաճառելու մասին խոսք անգամ չկա: Ըստ նրա, կայքը շատ կարևոր է Alphabet-ի աշխատանքի համար, այնտեղ է կենտրոնացած ընկերության բիզնեսի զգալի մասը: BMW-ում հավելել են նաև, որ Google-ի ներկայացուցիչները չեն դիմել իրենց դոմենի կամ ապրանքանիշի ձեռք բերման հարցով:

Նույն անվանումով երկու ընկերությունների գոյությունն ինքնին ապրանքանիշի օգտագործման խախտում չի համարվում: Սակայն, եթե ընկերություններն աշխատում են նույն ոլորտում և ներկայացնում են նույնատիպ ապրանքներ ու ծառայություններ, ապա դատարանը կարող է որոշել, որ միանման անվանումները խառնաշփոթ են առաջացնում սպառողի մոտ և այդպիսով ապրանքանիշը խախտվում է:

BMW AG-ն (Bayerische Motoren Werke AG, «Բավարայի մոտորային գործարաններ»)ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, շարժիչներ, ինչպես նաև հեծանիվներ արտադրող գերմանական ձեռնարկություն է: Ընկերության դրամաշրջանառությունը 2001-ին կազմել է 68,8 եվրո, իսկ զուտ շահույթը` հասել է գրեթե 5 մլրդ եվրո նիշի: