12 օգոստոսի 2015 - 16:26 AMT
Ղրղզստանը` ԵՏՄ–ի լիիրավ անդամ. Երկրում ուժի մեջ է մտել միասնական մաքսային սակագինը

Ղրղզստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ։ Այս մասին օգոստոսի 12-ին հայտարարել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։

ԵՏՄ–ին Ղրղստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է 2014-ի դեկտեմբերին Մոսկվայում Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։ Աթամբաևը մայիսի 22–ին ստորագրել է միությանը միանալու միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրինագիծը։

Ներկա պահին բոլոր ներքին վավերացման ընթացակարգերն ավարտված են միության բոլոր անդամ երկրներում։

Այս պահից ի վեր չեղյալ է հայտարարվել մաքսային հսկողությունը ղրղզա–ղազախական պետական սահմանի բոլոր 8 անցակետում: Ղրղըզստանի տարածքում ուժի մեջ են մտել միասնական մաքսային սակագինը և ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային նոմենկլատուրան, ինչպես նաև արտադրանքի միասնական պահանջները, որոնք սահմանել են մաքսային միության տեխնիկական կանոնակարգեր, գրում է ԱՌԿԱ-ն:

Ռուսաստանում հանել են ազգային աշխատաշուկայի պաշտպանության մասին բոլոր սահմանափակումները և ղրղզ միգրանտների համար աշխատանքի թույլտվություն ստանալու մասին պահանջները։ Ղրղզստանի քաղաքացիներն ազատված են ՌԴ տարածքում պաշտոնական գրանցում ունենալու անհրաժեշտությունից երկիր մուտք գործելու պահից մեկ ամսվա ընթացքում: Կրթության մասին ղրղզական փաստաթղթերը կճանաչվեն ԵՏՄ բոլոր երկրներում։ Բացի այդ, ՌԴ–ում աշխատող ղրղզների աշխատանքային փորձը հաշվվելու է որպես ընդհանուր աշխատանքային փորձ` սոցիալական ապահովման նպատակով: Նրանք իրավունք են ստանում մտնել մասնագիտական միություններ ՌԴ քաղաքացիներին հավասար, իսկ նրանց ընտանիքների անդամները հնարավորություն կունենան տեղեր ստանալ ՌԴ մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում։

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում ներկայացրեց Ղրղզստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի երեք նախագիծը: Կողմ քվեարկեց 89, դեմ՝ 4 պատգամավոր, ձեռնպահ չկար:Այսպիսով, վավերացվել է ՀՀ նախագահի կողմից ներկայացված երեք պայմանագիրը, մասնավորապես, 2015-ի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված Ղրղզստանի Հանրապետության՝ «ԵՏՄ մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «ԵՏՄ մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրի, ԵՏՄ իրավունքի մաս կազմող առաձին միջազգային պայմանագրերի և ԵՏՄ մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» արձանագրությունը: