12 օգոստոսի 2015 - 17:48 AMT
ԶԼՄ-ներ. Իրանն ու ՀՀ-ն ԷՀԳ կառուցման վերաբերյալ 107 մլն եվրոյի պայմանագիր են կնքել

Իրանն ու Հայաստանն օգոստոսի 12-ին համաձայնագիր են կնքել երկու երկրի էներգահամակարգերը միացնող էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության մասին:

«Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրվել է դեռ 1995-ին: 2012-ի տվյալներով ԷՀԳ-ի կառուցման նախագծի արժեքը գնահատվում էր 100-105 մլն եվրո: Ներկայում Հայաստանի և Իրանի միջև գործում է երկու բարձրավոլտ ԷՀԳ, որոնց միջոցով երկու երկրի միջև էլեկտրաէներգիայի սեզոնային երկկողմ փոխադրումներ են իրականացվում զրոյական սալդոյով։

Ինչպես հայտնել է «Մեհր» գործակալությունը, պայմանագիրը կնքվել է 107 մլն եվրո գումարով: Նախատեսվում է 275 կմ երկարության ԷՀԳ կառուցել 2 տարում: Դա թույլ կտա ավելացնել էլեկտրաէներգիայի փոխադարձ առաքումների ծավալները:

Կապալառուն կլինի իրանական SUNIR ընկերությունը, որը կիրականացնի շինարարական աշխատանքները, կմատակարարի և կտեղադրի սարքավորումները, կգործարկի և կշահագործի ԷՀԳ-ն: Նախագծի ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցների մոտ 70 տոկոսը կտրամադրի Իրանի Արտահանման զարգացման բանկը, մյուս մասը SUNIR-ը, ՏԱՍՍ գործակալությանը հղումով գրում է Euronews-ը:

Այս նախագծի միջոցով Իրանը մտադիր է միանալ Վրաստանի և Ռուսաստանի էներգահամակարգերին, ընդլայնել էլեկտրաէներգիայի առաքումն Անդրկովկաս:

ԻԻՀ դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրան-Հայաստան երկկողմ բանակցություններն ակտիվացել են: Մինչև տարեվերջ նախատեսվում է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին: