13 օգոստոսի 2015 - 13:20 AMT
Հզոր պայթյունը ոչնչացրել է չինական քաղաքի մի մասը. Կան տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ

Մոտ 520 մարդ է տուժել, ևս 44-ը զոհվել է, այդ թվում 12 հրշեջ, հզոր պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել օգոստոսի լույս 13-ի գիշերը Չինաստանում` Տյանցզին արդյունաբերական քաղաքի Բինհայ շրջանում վնասակար նյութերի պահեստում:

Չինաստանի ժամանակով 23:30-ին (օգոստոսի 12-ին) 2 հզոր պայթյուն է որոտացել Ruihai International Logistics լոգիստիկ ընկերության պահեստում, որտեղ թունավոր նյութեր են պահվում: Պայթյունն այնպիսի հզորության է եղել, որ այն գրանցել է նույնիսկ տեղի սեյսմոլոգիական ծառայությունը: Հզորությունը հավասարազոր է եղել 3 և 21 տոննա տրոտիլի: Մեծ հրդեհ է բռնկվել, որի մակերեսը կազմել է մոտ 20 հազար քմ: Ըստ վերջին տվյալների, հիմնական բոցը մարվել է: ԶԼՄ-ների համաձայն, հրդեհաշիջման աշխատանքները կասեցվել են, քանի որ հայտնի չէ, թե հատկապես ինչ նյութեր են պահվել պահեստում և ինչ քանակության:

Աղետի պատճառը հայտնի չէ, ըստ ԶԼՄ-ների, խնդիրներ կարող էին լինել ընկերության անվտանգության համակարգում` ղեկավարությունն արդեն ձերբակալված է:

Զոհերի և տուժածների մասին տվյալները հակասական են: «Սինհուա» գործակալությունը փրկարարական կենտրոնակայանի վրա հղումով հայտնել է, որ զոհերը 44-ն են, 520 մարդ հոսպիտալացվել է, որից 66-ի վիճակը ծանր է: Զոհվածներից 12-ը հրշեջներ են:

Ըստ ԶԼՄ-ների, ևս մի քանի տասնյակ հրշեջ համարվում է անհայտ կորած: Բազում պայթյուններ են հնչել արդեն այն բանից հետո, երբ պատահարի վայր են ժամանել հրշեջ մեքենաները, ինչը նոր զոհերի պատճառ է դարձել:

Ըստ CCTV հեռուստաալիքի, առնվազն մեկ շենք փլվել է, ևս մի քանի տասնյակ շինություն վնասվել է: Համալիրը շրջափակված է, երկաթուղային երթևեկությունը վթարի շրջանում դադարեցված է: Անվտանգության նկատառումներով փակվել են նաև ավտոլցակայանները:

Մոտակայքում գտնվող ազգային գերհամակարգչային կենտրոնի աշխատակիցները որոշել են ձեռքով կասեցենլ աշխարհի ամենաարագ Tianhe-1A գերհամակարգչի աշխատանքը:

Ըստ տեղեկատվության, հարյուրավոր ավտոմեքենաներ մոխրացել են:

Լուրեր են շրջանառվում, որ պահեստում կային թունավոր քիմիական նյութեր, որոնք կարող են աղտոտել մթնոլորտը: China Dailly թերթը դիտարկման ծառայության վրա հղումով հայտնել է, որ օդի աղտոտման մակարդակն աղետի շրջանում վերջին 24 ժամում կտրուկ բարձրացել է: Այնուամենայնիվ Տյանցզինի տեղական իշխանությունները դեռ օդի աղտոտման տագնապ չեն հայտարարել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: