13 օգոստոսի 2015 - 17:14 AMT
Պերմյակովի պատիժը կրելու վայրը կորոշվի ըստ ՀՀ և ՌԴ փոխադարձ համաձայնության

Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները կհամաձայնեցնեն, թե որտեղ պետք է պատիժը կրի Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, որը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ: Այս մասին Ինտերֆաքս գործակալությանն է հայտնել իրավիճակին լավատեղյալ աղբյուրը: «Հարցը երկու երկրների` Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան պետական կառույցների իրավասության դաշտում է: Պատիժը կրելու վայրը կորոշվի ըստ փոխադարձ համաձայնության»,-ասել է Ինտերֆաքս գործակալության զրուցակիցը:

Դատավճիռը 7 անձից բաղկացած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով կայացնելու են Հայաստանի դատական մարմինները: Այդ գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել, դատական նիստի ժամկետները դեռ հայտնի չեն:

«Մինչ դատավարության մեկնարկը զինծառայողը կալանքի տակ կպահվի Գյումրիի ռուսական ռազմակայանի մեկուսարանում: Ըստ ՌԴ օրենսդրության, նա արդեն դատապարտյալ է համարվում, իսկ նախօրեին դասալքության և ապօրինի զենք կրելու համար 10 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ կայացված դատավճիռը շարքայինը չի բողոքարկելու»,-ասել է աղբյուրը:

Գործակալությունը նշում է, որ ըստ աղբյուրի տվյալների, Հայաստանի դատարանը առավելագույն պատիժն է սահմանելու ռուս զինծառայողի համար` ցմահ ազատազրկում:

«Հնարավոր է, երկրները պայմանավորվեն, որ, որոշ նախապայմանների կատարման դեպքում, Պերմյակովը տեղափոխվի Ռուսաստանում ցմահ ազատազրկվածների համար նախատեսված հատուկ ռեժիմի գաղութներից մեկը»,-ասել է զրուցակիցը:

Ավելի վաղ օգոստոսի 13-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնեց, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության վերաբերյալ քննության նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական մարմիններին:

102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել է10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Այսպիսի դատավճիռ է կայացրել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը օգոստոսի 12-ի նիստում:

Դատարանում ներակայցվել են մի շարք փորձաքննությունների արդյունքներ, այդ թվում՝ դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունները: Ըստ դրանց՝ Պերմյակովի մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չկան: Նա լիովին մեղսունակ է:

Մեղադրյալը դասալքության գործով դատավարության իր եզրափակիչ խոսքում հայտարարել է, որ իրեն լիովին մեղավոր է ճանաճում և պատրաստ է կրել ցանկացած պատիժ: Պերմյակովի դասալքության գործը 72 հատոր է:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ հունվարի 19-ին մահացել էր: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել, նա ընդունել էր կատարած հանցանքը: Նրան տեղափոխել էին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի՝ 7 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, կոշիկներ:

Ըստ Պերմյակովի ցուցմունքի, նա Ավետիսյանների տանը մնացել է 10-15 րոպե, տեղանքին ծանոթ չի եղել: Զինծառայողը ցանկացել է անցնել հայ-թուրքական սահամնը, սակայն սահմանապահները ձերբակալել են: Ըստ սղագրության, «Պերմյակովը հայտարարել է, որ սկզբում սպանելու մտադրություն չի ունեցել, այլ ուղղակի վախեցնելու համար օդ է կրակել»: Ավետիսյանների տանից նա ուզում էր միայն փող վերցնել, իսկ մեկ այլ տնից հագուստ` Թուրքիա, հետո Ռուսաստան հեռանալու նպատակով: Ինքնաձիգը վերցրել է, որպեսզի շներին քշի, հետագայում մտադիր է եղել վաճառել զենքը: Պատահական տուն է մտել, մարդիկ քնած են եղել, բայց արթնացել են: Նա վախեցել է և սպանել նրանց, թողել ամեն ինչ և փախել: Պերմյակովն ասել է, որ ուզում էր ընդհանրապես խուսափել ծառայությունից: Նա ասել է, որ մեղսակից չունի, ինքն է որոշել փախչել պահակակետից դրանից մի քանի օր առաջ: Ըստ նրա, հասկանում էր, որ կողոպուտ է կատարում, երբ զենքով լքում էր զորամասը: