8,5 և 7 տարվա ազատազրկում. Ադրբեջանցի իրավապաշտպաններ Յունուսների դատավճիռը

8,5 և 7 տարվա ազատազրկում. Ադրբեջանցի իրավապաշտպաններ Յունուսների դատավճիռը

PanARMENIAN.Net - Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։

Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։

Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը:

Նիստի ժամանակ կրուկ վատացել է Արիֆ Յունուսի առողջական վիճակը:

Դատավարությունը սկսվել է հուլիսի 27-ին։ Յունուսը ազատազրկված է 2014-ի հուլիսից, իսկ Արիֆը` 2014-ի օգոստոսից։

Ամուսինները մեղադրվում էին պետական դավաճանության, խաբեբայություն, խուսափում հարկերի վճարումից, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն վարելու և ֆինանսական այլ մեքենայությունների մեջ։ Պետական մեղադրող Ֆարիդ Նաղիևը հայտարարել է, որ ամուսինների մեղքն ամբողջությամբ ապացուցված է, և Լեյլա Յունուսի համար պահանջել է 11, Արիֆ Յունուսի` 9 տարվա ազատազրկում։

Իրավապաշտպանների պնդմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը Յունուսների դատավարությամբ ցանկանում է արմատախիլ անել երկրում այլախոհության ցանկացած նշույլ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Լեյլա Յունուսը Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիրն է և տնօրենը, իշխանությունն այդ հասարակական կազմակերպությունը չի գրանցել։ Նա տարիներ շարունակ կապ է պահպանել հայ իրավապաշտպանների և հասարակական ակտիվիստների հետ՝ նպատակ ունենալով ժողովրդական դիվանագիտություն իրականացնել։ Նա հետևողականորեն քննադատել է Ալիևի քաղաքականությունը։ Արիֆ Յունուսը հայտնի պատմաբան է և կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ, նա հեղինակել է բազմաթիվ աշխատություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով։

Ըստ Յունուսների փաստաբանների և իրավապաշտպանների՝ ամուսիններն ունեն առողջական լուրջ խնդիրներ, հատկապես՝ Արիֆ Յունուսը։ Օգոստոսի 6-ին դատարանում 60-ամյա պատմաբանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է, նախագահող դատավոր Աֆղան Հաջիևը շտապօգնության բրիգադի բշիշկներին թույլատրել է տեղում հետազոտել ամբաստանյալին և օգնություն ցույց տալ, ապա կարգադրել շարունակել նիստը։ Այդ ընթացքում նրա կինը մեղադրական հայտարարություններ է հնչեցրել դատավորի և դատախազի հասցեին։

Իշխանությունները պնդում են, թե վերջերս բժիշկները հետազոտել են ամուսիններին և հաղորդել, որ նրանց առողջական վիճակին ոչինչ չի սպառնում, ուստի դատական գործընթացը կարելի է շարունակել։

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

Յունուսների ձերբակալումից առաջ ձերբակալվել է նաև հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը:

Ըստ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի՝ իշխանությունները բացահայտ վրեժ են լուծում Լեյլա Յունուսից, քանի որ նա առանց վախենալու պաշտպանում է քաղբանտարկյալների իրավունքները, քաղաքացիների իրավունքները, որոնց տները քանդում են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---