13 օգոստոսի 2015 - 19:17 AMT
ՀՀ-ն Չինաստանի հետ կքննարկի Իրանի հետ երկաթգծի կառուցումը. Չինական կողմն առաջարկներ ունի

Հայաստանը չինական կողմից առաջարկներ է ստացել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վերաբերյալ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Կառավարության օգոստոսի 13-ի նիստից հետո:

«Չինական կողմը շահագրգռվածություն ունի և իմ կարծիքով շատ լավ առաջարկներ է արել: Քննարկենք, տեսնենք, թե դա ինչպես կարող ենք իրականացնել: Հայտնել ենք նաև մեր առաջարկների մասին: Ես մանրամասն այդ մասին կասեմ, երբ որ մենք վերջնական համաձայնության գանք », - ասել է Բեգլարյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նա նաև նշել է, որ կան առաջարկություններ չինական մի քանի կազմակերպություններից, բայց հայկական կողմը ներկայումս նախապատվությունը տալիս է առաջարկություններից երկուսին, որոնք առաջիկայում կմանրամասնվեն:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին այց է նախապատրաստվում Չինաստան: Օրակարգում լինելու է նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը:

Հայաստանի հարավային երկաթուղու ծրագիրը օգոստոսի 6-ին քննարկվել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպմանը: Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև ծրագրի իրագործման հեռանկարների շուրջ:

Բեգլարյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Տոկիո կատարելիք այցի ժամանակ հանդիպել Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչներին և քննարկել տրանսպորտի և կապի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հայաստանի համար երկաթգծի շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի: Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի 6 տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է $3.5 մլրդ: 2013-ին Իրանն իրազեկել է ՀՀ իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: 2015-ի հունիսին CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակցելու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին: