14 օգոստոսի 2015 - 10:50 AMT
Չինաստանում տեխնածին աղետի զոհերի թիվը հասել է 55-ի

Օգոստոսի լույս 13-ի գիշերը չինական արդյունաբերական նավահանգիստ Տյանձինում հնչած հզոր պայթյունի զոհերի թիվը հասել է 55-ի, հայտնում է Sina լրատվական պորտալը: «Արտակարգ պատահարի վայրում հայտնաբերվել է ևս 5 դի»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 14-ի առավոտյան հայտնի դարձավ, որ փլատակների տակ փրկարարները հայտնաբերել են ողջ մնացած 19-ամյա հրշեջի:

Մինչդեռ հրդեհները պայթյունի վայրում շարունակվում են: Քիմիական փորձագետների թիմը նմուշառում է կատարում դեպիք վայրից: Փրկարարներին հրահանգվել է պաշտպանիչ հանդերձանք կրել, ասվում է CNN-ի հաղորդագրության մեջ:

Չինաստանի ժամանակով 23:30-ին (օգոստոսի 12-ին) 2 հզոր պայթյուն է որոտացել Ruihai International Logistics լոգիստիկ ընկերության պահեստում, որտեղ թունավոր նյութեր են պահվում: Պայթյունն այնպիսի հզորության է եղել, որ այն գրանցել է նույնիսկ տեղի սեյսմոլոգիական ծառայությունը: Հզորությունը հավասարազոր է եղել 3 և 21 տոննա տրոտիլի:

Ավելի վաղ Սինհուա գործակալությունը հայտնել էր 50 զոհի և 701 տուժածի մասին, որից 71-ի վիճակը կրիտիկական է, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Տյանձին քաղաքում տեղի ունեցած ուժգին պայթյունների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում: Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված գործուն քայլերը թույլ կտան արագ վերացնել պայթյունների աղետալի հետևանքները»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Աղետի պատճառը հայտնի չէ, ըստ ԶԼՄ-ների, խնդիրներ կարող էին լինել ընկերության անվտանգության համակարգում` ղեկավարությունն արդեն ձերբակալված է: Ըստ ԶԼՄ-ների, ևս մի քանի տասնյակ հրշեջ համարվում է անհայտ կորած: Բազում պայթյուններ են հնչել արդեն այն բանից հետո, երբ պատահարի վայր են ժամանել հրշեջ մեքենաները, ինչը նոր զոհերի պատճառ է դարձել: Ըստ CCTV հեռուստաալիքի, առնվազն մեկ շենք փլվել է, ևս մի քանի տասնյակ շինություն վնասվել է: Համալիրը շրջափակված է, երկաթուղային երթևեկությունը վթարի շրջանում դադարեցված է: Անվտանգության նկատառումներով փակվել են նաև ավտոլցակայանները:

Մոտակայքում գտնվող ազգային գերհամակարգչային կենտրոնի աշխատակիցները որոշել են ձեռքով կասեցենլ աշխարհի ամենաարագ Tianhe-1A գերհամակարգչի աշխատանքը:

Ըստ տեղեկատվության, հարյուրավոր ավտոմեքենաներ մոխրացել են:

Լուրեր են շրջանառվում, որ պահեստում կային թունավոր քիմիական նյութեր, որոնք կարող են աղտոտել մթնոլորտը: China Dailly թերթը դիտարկման ծառայության վրա հղումով հայտնել է, որ օդի աղտոտման մակարդակն աղետի շրջանում վերջին 24 ժամում կտրուկ բարձրացել է: Այնուամենայնիվ Տյանձինի տեղական իշխանությունները դեռ օդի աղտոտման տագնապ չեն հայտարարել: