14 օգոստոսի 2015 - 12:57 AMT
51 ոսկի, 42 արծաթ և 47 բրոնզ. Երևանը՝ Համահայկական 6-րդ խաղերի հաղթող

Համահայկական ամառային 6-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ Համահայկական խաղերի դրոշը տրվել է Երևանին: Մայրաքաղաքի մոտ 500 մարզիկից կազմված պատվիրակությունն արժանացել է 51 ոսկե, 42 արծաթե և 47 բրոնզե մեդալի, ինչի շնորհիվ թիմային հաշվարկով Երևանը զբաղեցրել է Համահայկական 6-րդ խաղերի առաջին հորիզոնականը:

Երկրորդ տեղում է Գյումրին. 15 ոսկե, 12 արծաթե և 19 ոսկե մեդալ: Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Վանադզորի թիմը. 6 ոսկի, 8 արծաթ, 4 բրոնզ: 4-րդ տեղում է Ստեփանակերտը (5, 4, 6): Թբիլիսիի մարզիկները նվաճել են 4 ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ՝ զբաղեցնելով 5-րդ տեղը:

Օգոստոսի 2-13-ն անցկացվող մարզական այս միջոցառումը միավորել էր աշխարհի 36 երկրի 175 քաղաքներից ժամանած 6.352 մարզիկի: Նախորդի համեմատ՝այս Խաղերն աննախադեպ են մարզիկների և մարզաձևերի քանակով:

Օգոստոսի 13-ին, Խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բազմաթիվ երևանցիներ ու մայրաքաղաք այցելած հյուրեր:

Խաղերի փակման առիթով վարչապետը հանդես է եկել ելույթով.

«Անցած 11 օրի ընթացքում Երևանը դարձել էր ամբողջ աշխարհի հայ մարզիկների յուրահատուկ հավաքատեղի: Տարբեր մարզաձևերում ազնիվ պայքարի հետ մեկտեղ դուք հնարավորություն ունեցաք հաստատել նոր շփումներ, ձեռք բերել նոր ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մեր հայրենակիցների շրջանում: Իմ խորին համոզմամբ՝ Համահայկական խաղերի ամենակարևոր ձեռքբերումը մեր ժողովրդի հազարավոր զավակների մեկտեղումն է հայրենիքում՝ այդպիսով նոր շունչ հաղորդելով նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդմանը», - ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ Համահայկական խաղերը միասնության իրական ապացույցն ու դրսևորումն են:

Աբրահամյանի խոսքով՝ խորհրդանշական է, որ 6-րդ խաղերն անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին զուգընթաց: Նշանակալի է խաղերի դերը հիշատակի այս տարում, որը ևս մեկ անգամ միավորեց համայն հայությանն:

Կառավարության ղեկավարը նշել է, որ նախորդ խաղերի համեմատ այս խաղերին մասնակցել են 6.000-ից ավելի մարզիկ-մարզուհիներ, ինչն աննախադեպ է՝ Վստահ ություն հայտնելով, որ Համահայկական 7-րդխաղերին մասնակիցների թիվը կլինի էլ ավելի:

Աբրահամյանը կոչ է արել օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն, այցելել Հայաստան և Արցախ, ինչից հետո Համահայկական 6-րդ խաղերը հայտարարել է փակված:

Միջոցառման ընթացքում Կառավարության ղեկավարը հանձնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից սահմանած հատուկ մրցանակներ՝ 6 անվանակարգերում: «Լավագույն պատվիրակություն» մրցանակին է արժանացել Մոնրեալ քաղաքի պատվիրակությունը (Կանադա), «Արդարացի խաղի համար» մրցանակին՝ Նիկոսիա քաղաքի պատվիրակությունը (Կիպրոս), «Մարզական ոգի և համբերություն դրսևորած պատվիրակություն» մրցանակին՝ Սպահան քաղաքի պատվիրակությունը (Իրան), «Համահայկական վեցերորդ խաղերի հայտնություն» մրցանակին՝ Մուշի պատվիրակությունը և «Համահայկական 6-րդ խաղերի գեղեցկուհի» է հայտարարվել Դիանա Թումանովան (Թբիլիսի):

Ողջունելով և շնորհավորելով Խաղերի մասնակիցներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ մարզիկները հյուր չեք Երևանում, այն բոլոր հայերի տունն է, համայն հայության մայրաքաղաքը:

«Այսօր մայրաքաղաքի շենացման գործին մասնակցում է նոր սերունդը, երիտասարդությունը: Մասնակիցը դարձեք նաև դուք, որով և Երևանը առավել հոգեհարազատ կդառնա ձեզ: Տոնական այս օրերին շատերդ միմյանց գտաք ու վերագտաք, խաղերից ու մրցակցությունից բացի, նաև միմյանց ճանաչեցիք ու արժևորեցիք: Այն առավել մեծ արժեք է դառնում, քանզի ձեր մտերմությունը կայացավ հայրենիքում: Մենք հպարտ ենք աշխարհի հայ երիտասարդությամբ, նրանց նկատելի տաղանդով ու շնորհներով, մրցունակ ներուժով, ու նրանց մասնակցությամբ առավել շեն ու կայուն է լինելու մեր հայրենիքը, առավել հմայիչ` մեր մայրաքաղաքը», - ասել է քաղաքապետը:

Համահայկական խաղերը սպորտային իրադարձություն է, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ: Առաջին անգամ Խաղերն անցկացվել են 1999-ին: Մրցումներն անցկացվում են ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձևերում։