12 հոկտեմբերի 2006 - 17:30 AMT
Օրհան Փամուկը դարձավ Նոբելյան մրցանակի դափնեկիր
2006 թվականի գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձավ 54-ամյա թուրք գրող Օրհան Փամուկը: Պարգեւը նրան հանձնել են «իր մելանխոլիկ քաղաքի` Ստամբուլի հագու որոնումների համար»: Այդ մասին հաղորդվում է Նոբելյան կոմիտեի մամլո հաղորդագրության մեջ: Օրհան Փամուկը մի քանի վեպերի` «Սեւ գիրքը», «Իմ անունը Կարմիր է», «Սպիտակ ամրոց», «Ձյունը», ինչպես նաեւ հիշողությունների «Ստամբուլ» գրքի հեղինակն է, որոնք դարձել են միջազգային «բեսթսելերներ»: Ոսկե մեդալի, Շվեդիայի Թագավորական ակադեմիայի եւ 10 միլիոն շվեդական կրոն (1,37 մլն դոլար կամ 1,07 մլն եվրո) չեկի հանձնման արարողությունը տեղի կունենա 2006 թվականի դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում: Շվեդիայի Թագավորական ակադեմիայի կանոնները արգելում են Նոբելյան մրցանակի պոտենցիալ մրցանակակիրների անունները հիշատակել ոչ միայն մամուլում, այլ նաեւ մասնավոր զրույցներում: Պարգեւի հանձնման նախօրեին Նոբելյան կոմիտեի անդամները քվեարկում են կարճ ցանկից 5 թեկնածուներից մեկի օգտին, ընդ որում ցուցակի բովանդակությունը գաղտնի է մնում, հաղորդում է Լենտա.ռու-ն:

Նշենք, որ Թուրքիայում Օրհան Փամուկի դեմ քրեական գործ էր հարուցվել «թուրք ազգի հասցեին բարոյական վնաս հասցնելու, վիրավորելու, արժանապատվությունը նսեմացնելու եւ կեղտոտ մեղադրանքներ ներկայացնելու համար»: Նման մեղադրանքի առիթ էր հանդիսացել նրա հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին: Մասնավորապես, շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Օրհան Փամուկը հայտարարել է, որ Թուրքիայում սպանվել է «1 միլիոն հայ եւ 30 հազար քուրդ»: