Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը. 18.000 կրակոց մեկ շաբաթում

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը. 18.000 կրակոց մեկ շաբաթում

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 18000 կրակոց:

ՊԲ առաջպահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 13-ի նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝, ներկայացնելով առկա իրավիճակը, հայտարարեց. «Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է, սակայն հակառակորդը փորձում է լարվածություն ստեղծել, չնայած հայկական զինված ուժերը հարևանների մոտ Եվրոպական խաղերի անցկացման ժամանակ ապահովել են հրադադարը՝ դեռ ավելին, ցուցաբերել զսպվածություն»: Նախարարի խոսքով՝ լարվածությունը Եվրոպական խաղերից հետո մեկ բարձրանում, մեկ իջնում է:

«Մեր հարևանները փորձում են քաղաքական կամ տնտեսական դիվիդենտներ քաղել: Հրադադարը խախտվում է նաև հրաձգային զենքերից, ականանետներից: Վերջին օրերին հակառակորդը ձեռնարկել է նաև մի քանի դիվերսիոն հետախուզական փորձ, որոնք մեր կողմից կանխվել են», - ասել է Օհանյանը՝ հավելելով, որ ի պատասխան հայկական կողմի հայտարարությանը, որ պետք է երկխոսության և շփման գծում վստահության մեխանիզմների ձևավորման միջոցով պահպանել հրադադարը, հակառակորդը պատասխանում է լարվածության սրացմամբ:

Օգոտոսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի արձակած գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Կարեն Պարույրի Հովհաննիսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:Ըստ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման, զինծառայողը զոհվել է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից:

Օգոստոի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկարությամբ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 82 մմ-անոց ականանետերից արձակել է 154 արկ: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 2600 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողություններով ճնշել են հակառակորդի ակտիվությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---