17 օգոստոսի 2015 - 11:43 AMT
Չինական Տյանձինում նատրիումի ցիանիդի պարունակության աճ է գրանցվել

Օգոստոսի 17-ի առավոտյան կրկին պայթյուն է տեղի ունեցել չինական արդյունաբերական Տյանձին քաղաքում, որտեղ տեխնածին աղետ է գրանցվել թունավոր նյութերի պահեստում, հայտնել է CCTV հեռուստաալիքը: Վերջին տվյալներով զոհերի թիվը հասնում է 112-ի:

Օգոստոսի 12-ին Չինաստանի ժամանակով 23:30-ին 2 հզոր պայթյուն է որոտացել Ruihai International Logistics լոգիստիկ ընկերության պահեստում, որտեղ թունավոր նյութեր են պահվում: Պայթյունն այնպիսի հզորության է եղել, որ այն գրանցել է նույնիսկ տեղի սեյսմոլոգիական ծառայությունը: Հզորությունը հավասարազոր է եղել 3 և 21 տոննա տրոտիլի:

«Ոչ այնքան հզոր պայթյուն է որոտացել օգոստոսի 17-ին Տյանձինում արտակարգ պատահարի վայրում»,-հայտնել է հեռուստաալիքը: Ըստ վերջինիս տվյալների, պայթյունը տեղի է ունեցել առավոտյան մոտ 7:00-ին, որից հետո բոց ու սպիտակ ծուխ է հայտնվել:

Կոյուղաջրերի որակի դիտարկման 17 կայանները պայթյունի գոտում գրանցել են նատրիումի ցիանիդի մակարդակի աճ, կայաններից մեկը գրանցել է, որ նորման գերազանցված է 27,4 անգամ: Այդ մասին հայտնել է շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքային դեպարտամենտի գլխավոր ինժեներ Բաո Ցզինպինը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թունավոր նյութերի տարածման սպառնալիքի պատճառով իշխանությունները սկսել են տարհանել տեղի բնակիչներին: Պայթյունի վայր էին ժամանել զինվորականները քիմպաշտպանության հանդերձանքով, որոնք որոնելու են ողջ մնացածներին:

«Ընդհանուր առմամբ կոյուղաջրերի դիտարկման 17 կայան գրանցել է ցիանիդի պարունակության աճ, 3 կայանում ցուցանիշները գերազանցել են նորման: Կայաններից մեկում այն գերազանցված է 27,4 անգամ, մյուս երկուսում 4,37 և 0,96 անգամ համապատասխանաբար», պաշտոնյայի խոսքը մեջբերում է China Daily-ին:

Օդի դիտարկման 17 կայաններից մեկը գրանցել է ածխածնի ցիանիդի 0,08 գերազանցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Օգոստոսի 16-ին Պեկինի զինվորական շրջանի կենտրոնակայանի պետը հաստատել է, որ արտակարագ պատահի երկու գոտում, ըստ նախնական տվյալների, մի քանի հարյուր տոննա նատրիումի ցիանիդ կա: Չինական ԶԼՄ-ները հայտնել են, որ պահեստում կարող էր լինել մոտ 700 տոննա նատրիումի ցիանիդ:

Տյանձինի փոխքաղաքապետը հայտարարել է նաև, որ մինչև օրվա վերջը նախատեսվում է ամբողջությամբ հավաքել և չեզոքացնել նատրիումի ցիանիդը պայթյունի էպիկենտրոնից 3 կմ շառավիղով տարածքում:

Աղետի պատճառը հայտնի չէ, ըստ ԶԼՄ-ների, խնդիրներ կարող էին լինել ընկերության անվտանգության համակարգում` ղեկավարությունն արդեն ձերբակալված է: Ըստ ԶԼՄ-ների, ևս մի քանի տասնյակ հրշեջ համարվում է անհայտ կորած: Բազում պայթյուններ են հնչել արդեն այն բանից հետո, երբ պատահարի վայր են ժամանել հրշեջ մեքենաները, ինչը նոր զոհերի պատճառ է դարձել: Ըստ CCTV հեռուստաալիքի, առնվազն մեկ շենք փլվել է, ևս մի քանի տասնյակ շինություն վնասվել է: Համալիրը շրջափակված է, երկաթուղային երթևեկությունը վթարի շրջանում դադարեցված է: Անվտանգության նկատառումներով փակվել են նաև ավտոլցակայանները: