Թուրքիայում հայկական գերեզմանաքարեր են գտել՝ ջրի խողովակները վերանորոգելիս

Թուրքիայում հայկական գերեզմանաքարեր են գտել՝ ջրի խողովակները վերանորոգելիս

PanARMENIAN.Net - Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Թեքիրդաղ նահանգի Մալքարա գավառում ջրի խողովակների վերանորոգման համար փորված փոսում 1.5 մ խորության վրա հայտնաբերվել են 8 շիրմաքար:

Գերեզմանաքարերը բեռնատարով տեղափոխվել են պահեստ` ավելի ուշ ուսումնասիրության ուղարկելու համար, թուրքական Posta թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Նշվում է, որ գերեզմանաքարերը բավականին ծանր են եղել և դրանցից յուրաքանչյուրը բարձրացնելու համար անհրաժեշտ է եղել մի քանի մարդու ուժ: Տեղի բնակիչներից մեկը՝ Լևանթ Բալջըն, լրագրողներին հայտնել է, թե վայրը, որտեղ գտել են շիրմաքարերը, նախկինում հայկական գերեզմանոց է եղել:

2015-ի ապրիլի տեղեկություններով, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայերից մնացած հին գերեզմանատունն ավերում են գանձ որոնողները: Գերեզմանները նրանց կողմից պղծվել են:

2008-ին վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Էդիրնեգաբուի հայկական գերեզմանատանը՝ անհայտ անձինք ջարդել են մի դամբանաքար և տապալել 8 գերեզմանաքար: Նույնանման դեպք Էդիրնեգաբուի գերեզմանատանը տեղի էր ունեցել 2008-ի հոկտեմբերի վերջին, երբ անհայտ անձինք ջարդել էին 12 դամբանաքար:

2012-ին հայտնի դարձավ Էրուհ շրջանում ավտոճանապարհի շինարարության ժամանակ հայկական գերեզմանատունը քանդելու և մարդկային ոսկորները հողի վրա թողնելու դեպքի մասին։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից պատճառաբանել են. «Գերեզմանատունն անշարժ մշակութային կոթող չէ և մեզ չի հետաքրքրում»: 2013-ին թուրքական «Ռադիքալ»-ը գրեց, որ Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Թեքիրդաղ նահանգի Մալգարա շրջանի հայկական գերեզմանատունն պղծվել է և ամբողջովին ոչնչացվել։ Մալգարայի ինքնակառավարման մարմինները հայկական գերեզմանատան տարածքը հատկացրել են շինարարության համար։ Մասնավորապես, հայկական գերեզմանատան տարածքում կառուցվելու է հացատուն և հյուրատուն։

2014-ի հուլիսին «Ակոս»-ը գրեց, որ Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատնից մնացել է միայն մեկ տապանաքար:

Տեղեկություններ են տարածվել նաև թուրքական Թունջելի շրջանի Մազկերտ թաղամասի հայկական գերեզմանատանը փոսեր փորելու մասին:

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանոցի սեփականության իրավունքը 2015-ի փետրվարին վերադարձրել է Բեյօղլուի «Երեք խորան» հայկական եկեղեցու հիմնադրամին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---