Փաստաբանները կպահանջեն, որ հայկական կողմը ևս դատահոգեբուժական փորձաքննության ենթարկի Պերմյակովին

Փաստաբանները կպահանջեն, որ հայկական կողմը ևս դատահոգեբուժական փորձաքննության ենթարկի Պերմյակովին

PanARMENIAN.Net - Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի փաստաբանները միջնորդելու են, որպեսզի Պերմյակովի նկատմամբ քրեական գործ հարուցվի սահմանը դիտավորությամբ հատելու փորձի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Երեմ Սարգսյանը և Միհրան Պողոսյանը, հայտնում է Tert. am-ը:

102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել է10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Այսպիսի դատավճիռ է կայացրել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը օգոստոսի 12-ի նիստում:

«Պերմյակովի դատավարության ընթացքում հայտնի դարձավ, որ սահմանն ապօրինի հատելու փորձում դիտավորություն չի եղել», -ասաց Լուսինե Սահակյանը, չնայած նրան, որ իր և մյուս գործընկերների համար, դատելով Պերմյակովի ցուցմունքներից, ակնհայտ է, որ եղել է: «Չնայած շատ քիչ նյութեր հրապարակվեցին Պերմյակովի ցուցմունքներից, նույնիսկ դրանցից երևում էր, որ Հայաստանը այդ զինվորների համար աքսորավայր է դիտարկվում, թեպետ իրենք փորձում էին տպավորություն ստեղծել, որ իրենք ընտրում են լավագույն զինվորներին՝ 102-րդ ռազմաբազա ուղարկելու համար»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանը հիշեցրեց նաև, որ 102-րդ ռազմաբազայի այս զորամասում սա հանցագործության առաջին դեպքը չէ. ամիսներ անց կրկին սպանություն եղավ, ուղղակի այդ անգամ ռուս զինվորը ռուս զինվորին սպանեց: Սահակյանի ներկայացմամբ, Պերմյակովի պահվածքը «շատ տարօրինակ էր» և «առավել տարօրինակ էր», որ ռուսական կողմը հիմնվելով դատահոգեբուժական փորձաքննության արդյունքների վրա, Պերմյակովին ներկայացրել է որպես «լիովին առողջ, ոչ ագրեսիվ պահվածք ունի, որևէ խնդիր չունի, մեղսունակ է», հայտնում է Panorama.am-ը:

«Անկասկած, Պերմյակովը մեղսունակ է, սակայն այն, որ նրա պահվածքը հանգեցնում է հետևության, որ նա ունի որոշակի խնդիրներ, միանշանակ է: Մենք հասկանում էինք, որ այն օրից սկսած, երբ Պերմյակովը հայտնվեց ռուսական կողմում, խնդիրներ կլինեին, բայց չէինք պատկերացնում, որ դրանք այս կարգի կլինեն, չէինք պատկերցանում, որ ռուսական կողմը ամեն կերպ կփորձի պաշտպանել իր աշխատակիցներին` սպաներին, բժիշկներին, որոնք նրան զորակոչել էին բանակ, որոնք թույլ էին տվել, որ նա զենք պահի ձեռքին: Որպեսզի ոչ մեկը պատասխանատվության չենթարկվի, փորձագետի եզրակացություններ էին հայտնվել այն մասին, որ նա լիովին առողջ է»,-հայտարարեց փաստաբանը` ընդգծելով, որ իրենց համար ակնհայտ էր, որ Պերմյակովն ունի առողջական խնդիրներ:

Առաջին քայլը, որ կանեն ներկայացուցիչները, այն է, որ կմիջնորդեն, որպեսզի Պերմյակովը ենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության հայկական կողմում:

«Մեծ հույսեր չունենք, որ հայկական կողմը ռուս փորձագետի եզրակացության պարագայում հակառակ արդյունք կտա, բայց հետևողական ենք լինելու, որ նշանակվի այդ փորձաքննությունը», -հավելեց տիկին Սահակյանը:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ հունվարի 19-ին մահացել էր: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել, նա ընդունել էր կատարած հանցանքը: Նրան տեղափոխել էին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի՝ 7 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, կոշիկներ:

Ըստ Պերմյակովի ցուցմունքի, նա Ավետիսյանների տանը մնացել է 10-15 րոպե, տեղանքին ծանոթ չի եղել: Զինծառայողը ցանկացել է անցնել հայ-թուրքական սահամնը, սակայն սահմանապահները ձերբակալել են: Ըստ սղագրության, «Պերմյակովը հայտարարել է, որ սկզբում սպանելու մտադրություն չի ունեցել, այլ ուղղակի վախեցնելու համար օդ է կրակել»: Ավետիսյանների տանից նա ուզում էր միայն փող վերցնել, իսկ մեկ այլ տնից հագուստ` Թուրքիա, հետո Ռուսաստան հեռանալու նպատակով: Ինքնաձիգը վերցրել է, որպեսզի շներին քշի, հետագայում մտադիր է եղել վաճառել զենքը: Պատահական տուն է մտել, մարդիկ քնած են եղել, բայց արթնացել են: Նա վախեցել է և սպանել նրանց, թողել ամեն ինչ և փախել: Պերմյակովն ասել է, որ ուզում էր ընդհանրապես խուսափել ծառայությունից: Նա ասել է, որ մեղսակից չունի, ինքն է որոշել փախչել պահակակետից դրանից մի քանի օր առաջ: Ըստ նրա, հասկանում էր, որ կողոպուտ է կատարում, երբ զենքով լքում էր զորամասը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---