Ռուսաստանը կարող է ռադիոտեղորոշման նոր կայան կառուցել Ադրբեջանում

Ռուսաստանը կարող է ռադիոտեղորոշման նոր կայան կառուցել Ադրբեջանում

PanARMENIAN.Net - ՌԴ ՊՆ պաշտոնական «Զվեզդա» հեռուստաալիքի կայքում օգոստոսի 17-ին լույս է տեսել ՌԴ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության կազմակերպմանը նվիրված հոդված, որում նշվում է նաև, թե Ռուսաստանը 2017-ից պլանավորում է Ադրբեջանում կառուցել հեռավոր հայտնաբերման ռադիոտեղորոշման նոր կայան: Հրապարակման մեջ նշվում է, որ խոսքը «Վորոնեժ» ռադիոտեղորոշման կայանի (ՌՏԿ) մասին է, որի կառավարումն իրականացնելու է բացառապես ռուսաստանյան կողմը, հայտնում է razm.infօ-ն:

Ռուսաստանյան «Վորոնեժ» ռադիոտեղորոշման կայանը նախատեսված է հակառակորդի ինչպես աերոդինամիկ, այնպես էլ բալիստիկ թիրախների, այդ թվում՝ թևավոր հրթիռների հայտնաբերման և ուղեկցման համար, ինչից հետո թիրախների կոորդինատները փոխանցվում են արդեն հակաօդային պաշտպանության խոցման միջոցներին։ Նշվում է նաև, որ «Վորոնեժ» ՌՏԿ-ն ունակ է միաժամանակ ուղեկցել մինչև 500 օդային թիրախ մինչև 6 հազար կմ հեռավորության վրա։

Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի Գաբալա քաղաքից ոչ հեռու տեղակայված ռադիոտեղորոշման կայանի շահագործումը Ռուսաստանի կողմից շարունակվեց ընդհուպ մինչև 2012-ի դեկտեմբերը, երբ լրացավ դրա վարձակալության ժամկետը։ Գաբալայի ՌՏԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և վարձակալության պայմանների շուրջ ծավալված ռուս-ադրբեջանական բանակցություններն արդյունք չտվեցին, ինչն էլ ստիպեց ռուսաստանյան կողմին դադարեցնել դրա շահագործումը։ Որպես պատճառ նշվում էր, որ Ադրբեջանը չափազանց բարձր գին է պահանջում սահմանել վարձակալության նոր պայմանագրում։

Իրադարձությունների նման ընթացքը ՌԴ-ի համար անակնկալ չէր, քանի որ վերջինս արդեն մեծ թափով պատրաստվում էր Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքում տեղակայված նոր՝ «Վորոնեժ» տիպի ՌՏԿ-ի շահագործմանը, որի մեկնարկը տրվեց 2013-ի հունիսին՝ իր վրա վերցնելով նաև բոլոր այն գործառույթները, որոնք մինչ այդ իրականացնում էր Գաբալայի ՌՏԿ-ն:

Ադրբեջանում ռուսաստանյան նոր ՌՏԿ-ի հնարավոր տեղակայման տեղեկության շուրջ պաշտոնական որևէ մեկնաբանություն կողմերից որևէ մեկը դեռևս չի արել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---