Թուրքիայում շարունակվում են բախումները զինվորականների և քրդերի միջև

Թուրքիայում շարունակվում են բախումները զինվորականների և քրդերի միջև

PanARMENIAN.Net - Թուրք զինվորականները մարտական ուղղաթիռների աջակցությամբ գործողություն են իրականացնում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ հարավ-արևելյան Հաքքյարի գավառում, որը սահմանակից է Իրաքին: Տեղական հեռուստատեսության հաղորդմամաբ, շրջանում չի դադարում փոխհրաձգությունը: Առավոտյան քուրդ զինյալները փորձել են փակել ավտոճանապարհը Շեմդինլի և Յուքսելով գավառների միջև` հորեր փորելով խանգարել անվտանգության ուժերի երթևեկությանը: Զինվորականները ստիպել են քրդերին նահանջնել, սակայն նրանք կրակ են բացել: Բախումները շարունակվում են, այդ թվում, նաև մոտակա բնակավայրերում:

Շեմդինլի քաղաքում վերջին օրերին իրավիճակը վատթարացել է, չեն դադարում քուրդ զինյալների գրոհները: Դա ստիպել է տեղի արհեստավորներին ու խանութների տերերին փակ պահել իրենց հաստատությունները:

Դիարբեքիր գավառի Սիլվան շրջանում, որտեղ պարետային ժամ է գործում, ՔԱԿ դեմ գործողություններին մասնակցում է մոտ 700 ոստիկան և զինվորական: Գիշերային բախումների արդյունքում կա մեկ զոհ և գերեվարված վիրավոր գրոհային: Որոշ թաղամասերում գրոհայինները բարիկադներ են կառուցել:

Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) օբյեկտների վրա Թուրքիայի գլխավոր շտաբի ձեռնարկած ավիագրոհների արդյունքում չեզոքացվել է մոտ 800 քուրդ զինյալ: 390 գրոհային սպանվել է, մյուսները վիրավորվել են և չեն կարղ մասնակցել խմբավորման գործողություններին: ՔԱԿ դեմ մարտական գործողությունները Թուրքիայի ներսում և Հյուսիսային Իրաքում թուրքական իշխանությունները սկսել են հուլիսի կեսից: Մոտ 800 զինյալ է շարքից հանվել միայն հյուսիսիրաքյան Ղանդիլ շրջանում ՔԱԿ դիրքերի գրոհի ժամանակ: Հարվածներ են հասցվել կուսակցության ճամբարներին, զենքով պահեստներին, թաքստոցներին ու հենակետերին: Կետային հարվածների է ենթարկվել 190 թիրախ, որոնք ամբողջությամբ ոչնչացվել են:

Մուշի Վարթո շրջանում, որտեղ օգոստոսի 16-ին պարետային ժամ էր հայտարարվել, քուրդ զինյալների հետ բախումների հետևանքով զոհեր են եղել. սպանվել է 6 զինյալ։

Թուրքիայում բնակվող քրդերն անհանգստացած են. նրանց խոսքով, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հայտարարված պայքարի հովանու ներքո Թուրքիայի ղեկավարությունն իրականում հարվածներ է հասցնում ահաբեկիչներին դիմակայող քրդերին:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---