Իսլամիստները գլխատել են հայտնի գիտնականին` Պալմիրայի համալիրի 82-ամյա տնօրենին

Իսլամիստները գլխատել են հայտնի գիտնականին` Պալմիրայի համալիրի 82-ամյա տնօրենին

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական հինավուրց Պալմիրայում սպանել են հայտնի գիտնական և հնագետ, Պալմիրայի պատմաճարտարապետական համալիրի տնօրեն Հալեդ Ասաադին: Այդ մասին հայտնել է Սիրիայի հնությունների և թանգարանների դեպարտամենտի տնօրեն Մաամուն Աբդել Քերիմը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Դժվար է պատկերացնել, որ այդպիսի գիտնականին, որը մեծ ավանդ ունի Պալմիրայի պատմության ուսումնասիրության մեջ, կարող են գլխատել»,-մեջբերել է Աբդել Քերիմի խոսքը Al Arabia հեռուստաալիքը:

Ասաադը սպանվեց 82 տարեկան հասակում, որից 50 տարին նվիրել էր Պալմիրայի պատմաճարտարապետական համալիրում իրականացվող հետազոտություններին: Նա հայտնի է բաց երկնքի տակ գտնվող այս թանգարանի վերաբերյալ իր գիտական աշխատություններով: Վերջին մի քանի տասնամյակներում նա բազմիցս է համագործակցել ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի հնագիտական գիտարշավների հետ: Ըստ Քերիմի, գիտնականը գերեվարվել էր մոտ մեկ ամիս առաջ:

Սուննիների ծայրահեղական «Իսլամական պետություն» կազմակերպության «սև դրոշները» հայտնվեցին անտիկ Պալմիրայի ավերակների վրա մայիսի 21-ին:

Հուլիսի 26-ին սիրիական օդուժը հարվածներ հասցրեց գրոհայինների դիրքերին Պալմիրայից դեպի արևմուտք գտնվող լեռնային շրջանում, ինչը թույլ տվեց ցամաքային ուժերին ընդլայնել հսկողության գոտին և դուրս մղել հակառակորդին որոշ դիրքերից:

Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից:

Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Նման մտավախություն է հայտնել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրիան Բոկովան` պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները անտիկ դարաշրջանի ավերակների հարևանությամբ:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---