Աղբյուր. HTC-ի նոր առաջատար սմարթֆոնը կներկայացվի 2016-ին

Աղբյուր. HTC-ի նոր առաջատար սմարթֆոնը կներկայացվի 2016-ին

PanARMENIAN.Net - HTC սմարթֆոններ արտադրող թայվանական ընկերությունը հետաձգել է իր հերթական առաջատար սմարթֆոնի ներկայացումը: HTC O2 սարքը կներկայացվի ոչ թե 2015-ի հոկտեմբերին, ինչպես նախկինում էր նախատեսվում, այլ 2016-ին և, հավանաբար, կներկայացվի MWC 2016 ցուցահանդեսում:

Ինչպես հայտնում են աղբյուրները, սմարթֆոնի թողարկման հետ կապված ձգձգման պատճառն այն է, որ ընկերությունը ցանկանում է 14 նմ FinFET տեխնոլոգիայով պատրաստված նորագույն ապարատային Snapdragon 820 հարթակը տեղադրել սարքում:

Չիփսեթը չունի Snapdragon 810-ի թերությունները, աչքի է ընկնում շատ բարձր արտադրողականությամբ և էներգաարդյունավետությամբ: Snapdragon 820-ի օգտագործումը HTC O2-ում թույլ կտա ընկերությանը ստեղծել նոր սերնդի լիարժեք առաջատար սմարթֆոն, որն, ինչպես հուսով են HTC-ում, կկարողանա շտկել ընկերության վիճակը սմարթֆոնների շուկայում:

Ինչ վերաբերում է առաջատարի նոր անվանմանը, ապա այն, հավանաբար, խորհրդանշում է «վերբեռնումը», որը, ինչպես հուսով է թայվանական արտադրողը, կտարանջատի սմարթֆոնը HTC One M շարքի անհաջող ժառանգությունից` նշանավորելով HTC-ի պատմության նոր էջը:

Օրերս HTC-ն հայտարարեց անձնակազմի մասսայական կրճատումների և որոշ սարքերի արժեքի նվազեցման մասին: Դա կապված է նրա հետ, որ թայվանական ընկերությունը մտադիր է կենտրոնանալ առաջատար մոդելների վրա` հուսալով, որ կկարողանա մրցակցել Apple-ի և Samsung-ի հետ:

Հայտնի է, որ HTC-ն ստիպված էր գնալ այս բարդ որոշմանն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի բացասական զեկույցների և երրորդ եռամյսակի համար ոչ այնքան բարենպաստ կանխատեսումների պատճառով: Արդյունաբերական մեկնաբանները վաղուց են խաչ քաշել ընկերության վրա` հայտարարելով, որ վերջինիս արտադրանքն անմրցունակ է և օրիգինալ չէ:

HTC-ի ֆինանսական վիճակը շարունակում է վատթարանալ: Վերջերս HTC One M9-ի գործարկումից հետո ընկերության բաժնետոմսերը կորցրեցին իրենց արժեքի մոտ 50 տոկոսը: Ցածր պահանջարկի պատճառով ընկերությունը ստիպված էր 30 տոկոսով կրճատել իր առաջատար սմարթֆոնի արատդրությունը: Այժմ արտադրողը միլիոնավոր վնասներ է կրում: Այսօրվա դրությամբ HTC-ի շուկայական արժեքը 2 մլրդ դոլարից մի փոքր ավելի է, այն դեպքում, երբ 2011-ին գնահատվում էր 33,8 մլրդ: Ինչ-որ կերպ իրավիճակը շտկելու համար HTC-ն հայտարարում է, որ նոր սմարթֆոն է մշակում, որի ռելիզը նախատեսված է ընթացիկ տարվա հոկտեմբերին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---