Լեյլա Յունուսը տեղափոխվել է բուժմաս. Պաշտպանները պատրաստվում են բողոքարկել դատավճիռը

Լեյլա Յունուսը տեղափոխվել է բուժմաս. Պաշտպանները պատրաստվում են բողոքարկել դատավճիռը

PanARMENIAN.Net - 2014-ի հուլիսից անազատության մեջ գտնվող, օգոստոսի 13-ին 8,5 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին հետազոտել է գերմանական «Շարիտե» կլինիկայի բժիշկ, պրոֆեսոր Քրիստիան Վիտը: Դրանից հետո Յունուսը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկի բուժմաս, որտեղ էլ այժմ բուժում է ստանում:

Յունուսի փաստաբան Էլչին Ղամբարովը տեղեկացրել է, որ իրավապաշտպանի հետ հանդիպել է օգոստոսի 18-ին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ փաստաբանին հղումով:

«Դատավճռի հետ կապված, Յունուսը հայտարարել է, որ վճիռն իր համար սպասելի էր», - ասել է Ղամբարովը:

Օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով: Օգոստոսի 13-ի նիստի ժամանակ կտրուկ վատացել էր Արիֆ Յունուսի առողջական վիճակը: Ըստ Յունուսների փաստաբանների և իրավապաշտպանների՝ ամուսիններն ունեն առողջական լուրջ խնդիրներ, հատկապես՝ Արիֆ Յունուսը։ Իշխանությունները պնդում են, թե վերջերս բժիշկները հետազոտել են ամուսիններին և հաղորդել, որ նրանց առողջական վիճակին ոչինչ չի սպառնում:

Ղամբարովը տեղեկացրել է, որ բժիշկ Վիտն այցելել է նաև Արիֆ Յունուսին, ով գտնվում է ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում։

Փաստաբանը նաև հայտնել է, որ այժմ պաշտպանական կողմն աշխատում է բողոքարկման վրա։

Ըստ Յունուսների փաստաբանների և իրավապաշտպանների՝ ամուսիններն ունեն առողջական լուրջ խնդիրներ, հատկապես՝ Արիֆ Յունուսը։ Օգոստոսի 6-ին դատարանում 60-ամյա պատմաբանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է, նախագահող դատավոր Աֆղան Հաջիևը շտապօգնության բրիգադի բշիշկներին թույլատրել է տեղում հետազոտել ամբաստանյալին և օգնություն ցույց տալ, ապա կարգադրել շարունակել նիստը։ Այդ ընթացքում նրա կինը մեղադրական հայտարարություններ է հնչեցրել դատավորի և դատախազի հասցեին։

Իշխանությունները պնդում են, թե վերջերս բժիշկները հետազոտել են ամուսիններին և հաղորդել, որ նրանց առողջական վիճակին ոչինչ չի սպառնում, ուստի դատական գործընթացը կարելի է շարունակել։

Ադրբեջանցի իրավապաշտպանների դատավճիռը չափազանց անհանգստացրել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին : «Երկու առաջատար իրավապաշտպանների՝ Յունուսների դատավճիռը չափազանց անարդար է։ Հաշվի չի առնվել ամբաստանյալների առողջական վիճակը։ Ես, ինչպես նաև Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը, կոչ ենք անում ազատ արձակել բուժման կարիք ունեցող Լեյլա և Արիֆ Յունուսներին», - ասել է Շուլցը:

Ավելի վաղ Յունուսների դատավճիռն իր հայտարարության մեջ խիստ քննադատել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց: Ըստ Պետքարտուղարության՝ Մեղադրանքը բացառապես կապ ունի նրանց իրավապաշտպան գործունեության և տարածաշրջանում լարվածության թուլացման ու վստահության կամուրջներ կառուցելու վերաբերյալ խաղաղարար ծրագրերին նրանց մասնակցության հետ Կառույցը նաև անհանգտացած է դատական գործընթացի ժամանակ թույլ տրված խախտումներով, և հատկապես՝ իրավապաշտպանների առողջությամբ:

Մեծ Բրիտանիայի՝ եվրոպական հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը ևս խոր մտահոգություն է հայտնել Յունուսների դատավարության առնչությամբ։

Լեյլա Յունուսը Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիրն է և տնօրենը, իշխանությունն այդ հասարակական կազմակերպությունը չի գրանցել։ Նա տարիներ շարունակ կապ է պահպանել հայ իրավապաշտպանների և հասարակական ակտիվիստների հետ՝ նպատակ ունենալով ժողովրդական դիվանագիտություն իրականացնել։ Նա հետևողականորեն քննադատել է Ալիևի քաղաքականությունը։ Արիֆ Յունուսը հայտնի պատմաբան է և կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ, նա հեղինակել է բազմաթիվ աշխատություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով։

Ըստ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի՝ իշխանությունները բացահայտ վրեժ են լուծում Լեյլա Յունուսից, քանի որ նա առանց վախենալու պաշտպանում է քաղբանտարկյալների իրավունքները, քաղաքացիների իրավունքները, որոնց տները քանդում են:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---