20 օգոստոսի 2015 - 12:24 AMT
Արտահերթ ընտրությունները Թուրքիայում առաջարկվում է անցկացնել նոյեմբերի 1-ին

Թուրքիայի ընտրական հանձնաժողովն առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները, եթե նման որոշում կայացվի, անցկացնել նոյեմբերի 1-ին, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը` Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչների վրա հղումով:

Օգոստոսի 17-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը չկարողացավ կոալիցիայի ստեղծման շուրջ համաձայնության հասնել Ազգայնական շարժման կուսակցության հետ, ինչն անհրաժեշտ էր կառավարության ձևավորման համար:

Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կառավարության ձևավորման մանդատը վերադարձրեց նախագահ Էրդողանին:

Եթե կառավարությունը չձևավորվի մինչև օգոստոսի 23-ը, Թուրքիայի նախագահը կլուծարի Դավութօղլուի վարչակազմը, որը ժամանակավորապես կատարում է պարտականությունները` միչև կառավարության ձևավորումը, և միջանկյալ կառավարություն կստեղծի մինչ հաջորդ ընտրությունները, որ կայանալու են աշնանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ բանակցություններից հետո Դավութօղլուն հայտարարեց, որ մեկ առ մեկ քննարկել են Բահչելիի առաջարկած 4 տարբերակներն ու եկել են եզրահանգման, որ կոալիցիա ստեղծելու հավանականություն չկա: «Այս պահին պատկերն այն է, որ կոալիցիա կազմելու ճանապարհ չի երևում: Ինձ հանձնարարված էր կոալիցիա ձևավորել, և ես ձեռքիցս եկած ամեն ինչ արեցի դրա համար»,-ասել է Դավութօղլուն:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որին մասնակցեց 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող:Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվի: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չի կարողացել և ստիպված է կոալիցիոն կառավարություն ձևավորել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ին ԱԶԿ առաջնորդ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարեց կառավարություն ձևավորել: Վարչապետը կոալիցիոն բանակցություններ է վարում մյուս 3 խորհրդարանական կուսակցությունների հետ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվի ձևավորել, նախագահը կլուծարի խորհրդարնն ու արտահերթ ընտրություններ կնշանակի:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները, ինչին դեմ են ընդդիմադիր ուժերը:

Photo: Ria.ru