20 օգոստոսի 2015 - 14:33 AMT
ԶԼՄ-ներ. Թուրքիայից փախած նախկին դատախազներին հովանավորում է Անգելա Մերկելը

Թուրքիայի պաշտոնանկ դատախազներ Զեքերիա Օզը և Ջելալ Կարան, որոնք Գերմանիա են փախել, օգտվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հովանավորությունից, հայտնում է Sabah թերթը:

Ստամբուլի նախկին գլխավոր դատախազ Զեքերիա Օզը և նրա գործընկեր Ջելալ Կարայը մեղադրվում են հանցավոր խմբավորում կազմավորելու և պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Դատախազները հետաքննում էին 2013-ի «Մեծ կաշառք» դատական գործը, որում ներգրավված էին Էրդողանի մտերիմ շրջապատի անձինք: Օզը համարվում է իսլամական քարոզիչ Գյուլենի հետևորդը , ով Էրդողանի քաղաքական հակառակորդն է: Միևնույն ժամանակ Գյուլենը հերքում է իր մասնակցությունը պետական հեղաշրջման փորձին:

Ըստ թերթի աղբյուրների, Թուրքիայից փախչելուց առաջ նրանք գաղտնի փաստաթղթեր ու պետական նշանակության տեղեկատվություն են առգրավել: «Չի բացառվում, որ պաշտոնանկ դատախազները պատրաստ են փոխանցել փաստաթղթերը Գերմանիայի հատուկ ծառայություններին ապաստանի դիմաց»,-գրում է թերթը: Պարբերականը գրում է նաև, որ մինչ Անկրան շտապ փաստաթղթեր է պատրաստում դատախազների հետախուզում հայտարարելու համար, շատերը Թուրքիայում իրենց հարց են տալիս. «Իսկ ինչո՞ւ նրանք հենց Գերմանիա են փախել: Չէ որ հենց Գերմանիայում են ամուր Գյուլենի շարժման կողմնակիցների դիրքերը, որը Թուրքիայում օրենքից դուրս է հայտարարված»:

Պաշտոնական Բեռլինը Ֆեթուլահ Գյուլենի շարժումը համարում է «կրոնական ուղղվածության կազմակերպություն»` մերժելով նուրսիստներին հետապնդելու Անկարայի պահանջը: Մերկելի կառավարությունը նաև խոստովանում է, որ զգալի ֆինանսական միջոցներ է տրամադրում նուրսիստներին»,-պարզաբանել է պարբերականը, գրում է Armenia Today-ը:

Ավելի վաղ հայտարարվեց, թե իբր նախկին դատախազներ Զեքարիա Օզը և Ջելալ Կարան թաքնվում են Հայաստանում: Ըստ Արդվին գավառի նահանգապետ Քեմալ Ջիրիթի, նրանք Վրաստանով անցել են Հայաստան, որտեղ էլ գտնվում են այժմ: Այդ տեղեկություններն ավելի ուշ հաստատեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մեծ կաշառք» գործողության շրջանակում 2013-ի դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված գործողության արդյունքում 52 մարդ ձերբակալվեց, այդ թվում գործարարներ ու որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել էին կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով:

Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը: Թուրքիայի էկոնոմիկայի և ներքին գործերի նախարար Զաֆեր Չաղլայանը, քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը և ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հրաժարական էին տվել: Եվս յոթ նախարարների պաշտոններից հեռացրել էր Էրդողանը: Կառավարության նոր կազմը հրապարակվեց դեկտեմբերի 26-ին: Հունվարին դատախազության տեսադաշտում էին հայտնվել ՆԳՆ, էկոնոմիկայի և քաղաքաշինության նախկին նախարարները: Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլերը մեղադրվում էր կաշառք վերցնելու մեջ՝ $10 մլն ընհանուր գումարի: ԵՄ գծով նախկին նախարար Էգեմեն Բաղիշը մեղադրվում էր ընդհանուր առմամբ $1,5 մլն կաշառք վերցնելու մեջ: Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը մեղադրվում էր $52 մլն կաշառք վերցնելու մեջ: Թուրք նախարարների վերցրած կաշառքների ընդհանուր գումարը գրեթե 64 մլն դոլար է կազմում: Կոռուպցիոն սկանդալի տնտեսական վնասը գերազանցում է $100 միլիարդ:

2014-ին Ստամբուլի հանրապետական դատախազությունը փակեց «Մեծ կաշառք» դատական գործը:

Մինչդեռ Դատախազների Հայաստան փախչելու մասին պնդումը չհաստատվեց ՀՀ ԱԱԾ-ի կողմից և գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենք նման տեղեկության չեն տիրապետում: