Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2015» զորավարժությանը

Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2015» զորավարժությանը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-28-ը Ռուսաստանի Պսկով քաղաքում (ՌԴ արևմուտք, Լատիվիա-Էստոնիայի սահմանի մոտ) անցկացվելու է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» զորավարժությունը, որին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ 6 պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները, հայտնում է razm.info-ն:

Զորավարժությանը ներգրավված է լինելու մոտ 2000 զինծառայող, որից մոտ 1000-ը՝ ՌԴ զինված ուժերից, և մոտ 200 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում և կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ և բեռնատար ինքնաթիռներ: Այս մասին, ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության, լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերի հրամանատար, զորավարժության ղեկավար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը: Զորավարժության ընթացքում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը չեզոքացնելու են կազմակերպության պատասխանատվության գոտու՝ Արևելյան Եվրոպայի հատվածում առաջացած պայմանական զինված հակամարտությունը:

Զորավարժության առաջին փուլում մասնակիցներն անցկացնելու են հրամանատարաշտաբային մարզումներ, որոնց ընթացքում կազմելու են փոխգործակցության ծրագիրը: Երկորդ փուլում հավաքական ուժերը տեղայնացնելու են զինված հակամարտությունը և ոչնչացնելու են ապօրինի զինված խմբավորումներին:

Զորավարժության ընթացքում ուշադրություն է դարձվելու նաև տեխնածին աղետների հետևանքների վերացման գործողություններին, ինչի համար Ղազախստանից զորավարժությանը մասնակցելու է ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) գումարտակ:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն» զորավարժություններն ամենամյա են: 2014-ին զորավարժությունն անցկացվել է Ղազախստանում, 2013-ին՝ Բելառուսում, 2012-ին՝ Հայաստանում:

2015-ի աշնանը ՀԱՊԿ հավաքական ուժերը ևս մեկ զորավարժություն կանցկացնեն, արդեն Հայաստանում: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելու է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժությունը, որին նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուլիսին եկել էր Հայաստան: Հայաստանում անցկացվելիք զորավարժությանը դիտորդներ է ուղարկելու նաև ՄԱԿ-ը, հայտնում է razm.info-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---