20 օգոստոսի 2015 - 14:03 AMT
ԻՊ-ն սպառնում է Բելգիային. Վտանգված են դպրոցները, հիվանդանոցները, առևտրի կենտրոնները

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը նոր սպառնալիքներ է հնչեցրել Բելգիայի հասցեին, հայտնել են բելգիական ԶԼՄ-ները:

ԻՊ շարքերում կռվող Անտվերպենից «երիտասարդ ջիհադական» Աբդելլահ Նուամանը ձայնագրություն է տարածել, որտեղ պնդում է, թե «գրադարանները, դպրոցները, հիվանդանոցները, առևտրի կենտրոնները և դիսկոտեկները» կդառնան ահաբեկիչների թիրախները Բելգիայում:

«Մենք այլևս ուշադրություն չենք դարձնի բոլոր այդ բանավեճերին անմեղ զոհերի մասին: Բոլոր անհավատները կսպանվեն: Մենք կսպանենք նրանց, ինչպես նրանք են մեզ սպանում»,-մեջբերում են ԶԼՄ-ները իսլամիստի խոսքերը` նշելով, որ նա ոչ թե իր անունից է խոսում, այլ մի մեծ խմբի անունից:

Նուամանը, ասվում է հրապարակման մեջ, բելգիական Sharia4Belgium (Շարիաթ Բելգիայի համար) իսլամիստական կազմակերպության անդամ է: Նա մի լուսանկար է տարածել, որտեղ պատկերված է ահաբեկչական խմբի գրոհայինների հետ, որոնք ընթացիկ տարվա հունվարին Վերվիե քաղաքում կազմակերպել էին ահաբեկչական գործողություն, որը, սակայն, կանխվեց ոստիկանության կողմից, հայտնում է Interfax գործակալությունը:

Նուամանը վերցրել է Աբու Ջիհադ Ալ Բելգիկի անունն ու 2013-ի հունիսից գտնվում է Սիրիայում:

Ըստ ռիսկերի գնահատման Aon ընկերության, Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվում է Բելգիայի 440 քաղաքացի:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: