13 հոկտեմբերի 2006 - 18:14 AMT
Էրդողանն ընդգծել է, որ Ցեղասպանության վերաբերյալ օրենքի ընդունմամբ Ֆրանսիայի համար շատ բան կփոխվի
«Հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի կողմից կատարված սխալ քայլը շատ բան կփոխի այդ երկրի համար, սակայն ոչ Թուրքիայի համար»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը` մեկնաբանելով Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հերքման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի ընդունումը: «Պատմական սուտը օրենք դարձնելու Ֆրանսիայի փորձը լուրջ մարտահրավեր է ԵՄ սկզբունքներին: Դրանք հիմնվում են խոսքի ազատության Կոպենհագենի չափանիշերի վրա: Երբ գիտնականները ասում են. «դա հակասում է գիտական եւ պատմական իրականությանը», ապա նրանց հայտարարությունները ընդունվում են` որպես հանցագործություն: Հապա, ո՞րտեղ է խոսքի ազատությունը: Ինչպե՞ս կարող է Ֆրանսիան լինել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եղած խնդրի մի մաս»,- նշել է Թուրքիայի վարչապետը: Նա նաեւ ընդգծել է, որ միջազգային քաղաքականությունը չի կարող հիմնվել գիտական եւ պատմական փաստաթղթերի վրա: Էրդողանը նաեւ ասել է, որ Ֆրանսիան պետք է ուշադրություն դարձնի այն բանի վրա` ինչ կատարվել է Ալժիրում 1954 թվականի մարտի 1-ի եւ 1962 թվականի մարտի 19 միջեւ ընկած ժամանակահատվածում, հայտնում է Turkishpress-ը: