24 օգոստոսի 2015 - 11:09 AMT
Քուրդ զինյալները Թուրքիայում առևանգել են մաքսային տեսուչներին

Քուրդ զինյալներն օգոստոսի 23-ին Թուրքիայում առևանգել են 11 մաքսային տեսուչի և նրանց վարորդին, հայտարարել են թուրք զինվորականները: Առևանգումը տեղի է ունեցել Իրանի հետ սահմանին` Կապիկոյ սահմանակետում: Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ գրոհայինները նշված են որպես «անջատողական ահաբեկչական կազմակերպություն», սակայն Սինհուա գործակալությունը հայտնում է, որ խոսքը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների մասին է, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ինչպես հայտնում է գործակալությունը տեղական ԶԼՄ-ների վրա հղումով, մաքսային ծառայության աշխատակցուհիներից մեկն ու վարորդն ազատ են արձակվել:

2 զինծառայող է զոհվել Հաքքյարի գավառում ճանապարհամերձ ականի պայթյունից, հայտնել է Anadolu գործակալությունը: Հեռակառավարվող պայթյունի թիրախը զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան էր: 3 զինծառայող վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Համարվում է, որ պայթյունի ետևում ՔԱԿ զինյալներն են կանգնած: Սկսվել է նրանց չեզոքացման գործողությունը:

Օգոստոսի 23-ին ՔԱԿ գրոհայինները նաև հարձակում են գործել թուրք զինվորականների վրա, որոնք ապահովում են անվտանգությունը Դիարբեքիր գավառի հարավ-արևելքում ՀԷԿ շինհրապարակում: Մեկ զինծառայող զոհվել է, երեքը` վիրավորվել:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, ընտրությունները կկայանան նոյեմբերի 1-ին:

Օգոստոսի 17-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը չկարողացավ կոալիցիայի ստեղծման շուրջ համաձայնության հասնել Ազգայնական շարժման կուսակցության հետ, ինչն անհրաժեշտ էր կառավարության ձևավորման համար: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կառավարության ձևավորման մանդատը վերադարձրեց նախագահ Էրդողանին: «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ բանակցություններից հետո Դավութօղլուն հայտարարեց, որ մեկ առ մեկ քննարկել են Բահչելիի առաջարկած 4 տարբերակներն ու եկել են եզրահանգման, որ կոալիցիա ստեղծելու հավանականություն չկա: «Այս պահին պատկերն այն է, որ կոալիցիա կազմելու ճանապարհ չի երևում: Ինձ հանձնարարված էր կոալիցիա ձևավորել, և ես ձեռքիցս եկած ամեն ինչ արեցի դրա համար»,-ասել է Դավութօղլուն: