Թբիլիսին «ապօրինություն է» համարում ՌԴ երկաթուղային զորքերի գործողություններն Աբխազիայում

Թբիլիսին «ապօրինություն է» համարում ՌԴ երկաթուղային զորքերի գործողություններն Աբխազիայում

PanARMENIAN.Net - ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ապօրինություն է համարում Օչամչիրա-Ինգուրի երկաթուղային հատվածի վերականգնման աշխատանքներն Աբխազիայում: Աբաշիձեն նշել է, որ այդ գործողությունները լիովին «անտեսում են միջազգային իրավունքը»:

«Ես դա որպես սադրանք եմ գնահատում: Գնահատում եմ որպես ապօրինություն, լիակատար ապօրինություն: Ամբողջովին անտեսված է միջազգային իրավունքը, քանի որ դա համաձայնեցված չէ կենտրոնական իշխանությունների, այսինքն` մեր հետ, անտեսված են տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքները: Իրականում մենք չենք կարող կասեցնել դա: Եթե սկսենք արծարծել այս հարցը, Ռուսաստանից կստանանք ձևական պատասխան, թե եթե դա ձեզ հետաքրքրում է, խոսեք այդ մասին աբխազների հետ, իսկ մենք աբխազների հետ դրա մասին չենք խոսում»,-հայտարարել է Աբաշիձեն:

Ըստ նրա, Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին բանակցություններ չեն ընթանում: «Այդ թեման մենք չենք քննարկել: Ոչ Պրահայի ձևաչափով, ոչ էլ` այլ: Կրկնում եմ` այսպես կոչված աբխազական երկաթուղու հարցը չի քննարկվում»,-հայտարարել է Աբաշիձեն:

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին նույնպես դա սադրանք է համարել, հայտնում է apsny.ge-ն:

Օրերս աբխազական երկաթուղու վերականգնման վերաբերյալ հայտարարություն արեց ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը: Ըստ նրա, ՌԴ երկաթուղային զորքերը գործուղվել են Աբխազիա վերականգնելու համար երկաթուղային հաղորդակցությունը: «Երկաթուղային զորքերի մոտ 500 զինծառայող և մոտ 50 միավոր հատուկ տեխնիկա աշխատանքներ են տանում աբխազական երկաթուղու Օչամչիրա-Ինգուրի հատվածում երակթուղին վերականգնելու ուղղությամբ»,-ասել է Բուլգակովը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական զորքերը մաքրման աշխատանքներ են սկսել աբխազական երկաթուղում: Ինչպես հայտարարել է երկաթուղու վարչության փոխտնօրեն Իգոր Մարգանիան, երկաթուղին պատրաստում են վերագործարկման` Աբխազիայով տարանցիկ երթևեկության համար:

Այժմ մաքրման աշխատանքներն իրականացվում են Օչամչիրայից մինչև Ինգուրի գետն ընկած հատվածում: Այսօրվա դրությամբ ճանապարհի այդ հատվածը քանդված է և Մարգանիան ենթադրում է, որ այս հատվածը մաքրում են հետագայում վերականգնելու համար:

Աբխազիայի տրանսպորտի վարչության պետ Զաուր Հաջիմբան հայտնել է, որ Աբխազիայում այդ զորքերն անսպասելի են հայտնվել, «մեր կողմից այդ հարցի շուրջ ոչ մի համաձայնություն չկա»: Նա նշում է, որ աբխազական կողմը համաձայնություն է տվել նախապատրաստական աշխատանքների անցկացմանը: «Մեզ դրանից ոչ մի վնաս չկա, միայն` օգուտ»,-ասել է Հաջիմբան, հայտնում է «Գրուզիա Online»-ը:

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992-ին: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ: Փետրվարի 27-ին Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին հայտարարեց, որ կառավարությունն այս փուլում չի քննարկում Աբխազիայի տարածքով Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը: «Սա շատ բարդ հարց է, կապված բազում նախադրյալների հետ: Այս փուլում Վրաստանի կառավարությունն այդ հարցը չի քննարկում»,- ասել էր նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---