ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել ԻՊ դեմ պայքարի վերաբերյալ

ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել ԻՊ դեմ պայքարի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԱՄՆ և Թուրքիայի ռազմական գերատեսչությունները տեխնիկական համաձայնագիր են կնքել «Իսլամական պետությանը» հակազդելու մասին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

Օգոստոսի 24-ին հայտնի դարձավ, որ Անկարան և Վաշինգտոնն ավարտել են «Իսլամական պետության» դեմ թուրք-սիրիական սահմանին լայնածավալ օդային գործողության անցկացման շուրջ տեխնիկական բանակցությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«ԱՄՆ հետ բանակցություններն ԻՊ դեմ հատուկ գործողության մասին որպես այդ հարցի շուրջ ընդհանուր հուշագրի մաս ավարտված են: Թուրքիայի և ԱՄՆ ռազմական գերատեսչություններն իրենց ստորագրություններն են դրել տեխնիկական համաձայնագրի տակ: Այդ գործողությունների իրականացումը լիովին ռազմական գերատեսչությունների իրավասության տակ է»,-ասել է Չավուշօղլուն Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:

Չավուշօղլուն չի հստակեցրել, թե հատկապես ով է ստորագրել համաձայնագիրն ու չի բացահայտել մանրամասները:

Օգոստոսի 18-ին Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին հայտարարեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է ու հուսալի գործընկերը, մասնավորապես, ԻՊ դեմ պայքարում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան սկսել է 45 կմ երկարությամբ բետոնե պատ կառուցել Սիրիայի հետ սահմանին, հայտնել է Associated Press-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով: Ռեյհանլիում արդեն 12-կիլոմետրանոց պատնեշ է տեղադրվել, հայտնել է Dogan գործակալությունը:

Թուրքիան թույլ է տվել ԱՄՆ ավիացիային թռիչքներ կատարել «Ինջիրլիկ» ավիաբազայից: Նախկինում Թուրքիան, հանդիսանալով ԻՊ դեմ միջազգային կոալիցիայի անդամ, ձեռնպահ էր մնում կոնկրետ գործողություններից: Երկրի ներսում և նրա սահմաններից դուրս Էրդողանին քննադատում են` ասելով, որ Անկարան օգնում է իսլամիստներին:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---