
ՀՀ կառավարությունը երկար ժամանակ աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիան վերադարձնելու ուղղությամբ, և Կառավարության առաջիկա նիստում դա կամրագրվի համապատասխան որոշմամբ: Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողներին հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վաչության պետ Արման Սահակյանը՝ անդրադառնալով «Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձման գործընթացին:
«Հրապարակումները, որ եղել են «Հայֆիլմի» մասով, համապատասխանում են իրականությանը», - ասել է Սահակյանը: Ավելի վաղ «Հայկական ժամանակը» տեղեկատվություն էր տարածել, որ ՀՀ կառավարությունը սկսել էմ «Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձման գործընթաց, քանզի գնորդը չի կատարել ստանձնած պարտավորությունները։
Վարչության պետը հիշեցրել է, որ 2005-ին կինոստուդիան վաճառվել էր ընդամենը 350 մլն դրամով, իսկ այժմ կինոստուդիան գնահատվում է 3 մլրդ դրամից ավելի, գրում է Panorama.am-ը:
Սահակյանի խոսքերով՝ հետագայում Կառավարությունը և Մշակույթի նախարարությունը կինոստուդիայի մասով նոր ծրագիր կիրականացնեն:
«Հայֆիլմ» միակ պետական կինոստուդիան 2005-ի օգոստոսի 11-ին վաճառվել է 350 մլն դրամով «Armenio Studios» ՓԲԸ-ին, որը ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանին և Սարգսյան ընտանիքին պատկանող «CS MEDIA CITY» հոլդինգի մի մասն է։ նոր սեփականատերը ստանձնել է 10 տարվա ընթացքում ստուդիայում 30 մլրդ դրամ ներդնելու պարտավորությունը։ Չեն կառուցվել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չի վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չի թվայնացվել հայկական կինոժառանգությունը։