Հայ ըմբիշների 3 բրոնզը՝ պատանիների ԱԱ մեկնարկում

Հայ ըմբիշների 3 բրոնզը՝ պատանիների ԱԱ մեկնարկում

PanARMENIAN.Net - Բոսնիա Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում օգոստոսի 25-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի 3 ըմբիշ նվաճել են բրոնզե մեդալներ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:

54 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը նախ համոզիչ առավելությամբ որակաորման փուլում հաղթել է սերբ Ադամ Կատոնային, ապա նույնքան վստահ 8:0 հաշվով հաղթել է նախ թուրք Ահմետ Ույարին, ապա իրանցի Մոհամադ Մուխթարին: Սակայն Տիգրանը կիսաեզրափակչում պարտվել է վրացի Ջոնի Կետսուրիանիին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը նույնպես 8:0 հաշիվ է գրանցել իր օգտին՝ այս անգամ պարտության մատնելով ճապոնացի Այատա Սուզուկիին:

Այս քաշային կարգում հաղթող դարձավ ուկրաինացի Ալեքսանդր Խրյուշինը:

58 կգ քաշային կարգում հանդես եկած Էդգար Թամազյանը դժվարին հաղթանակով է սկսել՝ 1/8 փուլում 2:1 հաշվով պարտության մատնելով ուկրաինացի Սերգեյ Խրյուշինին: Քառորդ եզրափակչում վրացի ըմբիշ Դավիթ Բակուրաձեի նկատմամբ Էդգարին հաղթանակը շատ հեշտ է տրվել՝ 8:0, սակայն կիսաեզրափակչում նա պարտվել է իրանցի Ամին Կավիյանինեժադին և ստիպված եղավ պայքարել բրոնզե մեդալի համար: Երրորդ տեղի համար գոտեմարտում Էդգարը 3:1 հաշվով հաղթել է ամերիկացի Թեյլոր Լամոնտին:

Այս քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Էդգարին կիսաեզրափակիչում պարտության մատնած Կավիյանինեժադը` եզրափակչում հաղթելով բելառուս Եգոր Վլադիկային:

63 կգ քաշային կարգում հանդես եկած Մալխաս Ամոյանի մրցելույթը սկսվել է պարտությամբ: Նա դեռ որակավորման փուլում 2:3 հաշվով զիջել է Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Ալ Սաիդին: Թվում էր՝ Ամոյանը այլևս սպասելիք չունի, սակայն Ալ Սաիդը, ի զարմանս բոլորի, մեկը մյուսի ետևից հաղթելով մի քանի ըմբիշների՝ հասել է եզրափակիչ և Մալխասին նոր գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն տվել: Ամոյանը սփոփիչ գոտեմարտերը վերելքով է անցկացրել՝ 8:0 հաշվով հաղթելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դոմինիկ Դեմասին, ապա՝ 4:1 հաշվով հունգարացի Թամաշ Լեվաին: Իսկ բրոնզե մեդալի համար պայքարում Ամոյանը պարզապես ջախջախել է թուրք Աբդուլա Ֆատիհ Դեմիրին:

Այս քաշային կարգում չեմպիոն է հռչակվել վրացի Այվենգո Ռիկաձեն՝ եզրափակչում մեծ դժվարությամբ առավելության հասնելով եգիպտական անակնկալի նկատմամբ:

Ընդամենը երկու շաբաթ առաջ պատանի հունահրոմեականները Սերբիայում ավարտված Եվրոպայի առաջնությունից տուն էին վերադարձել ընդամենը մեկ բրոնզե մեդալով:

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան հավաքականը Սարաևոյում հանդես է գալիս Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Օգոստոսի 26-ին բոսնիական մրցագորգ կբարձրանան Հայաստանի ևս երեք պատվիրակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---