2 սեպտեմբերի 2015 - 10:21 AMT
Sinquefield Cup. Լևոն Արոնյանն առաջինն է և անհասանելի մրցակիցների համար

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին է մոտենում «Sinquefield Cup» շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Հայ գրոսմայստերը փայլուն է խաղացել մրցաշարի ողջ ընթացքում՝ չկրելով որևէ պարտություն: Այսօր տեղի է ունենում 9-րդ տուրը, որի շրջանակներում Արոնյանը սև խաղաքարերով մրցել է բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: 31-րդ քայլին գրանցվել է ոչ ոքի արդյունք, հայտնում է Tert.am-ը:

Այսպիսով, Արոնյանը վաստակել է 6 միավոր և անհասենլի դարձել մրցակիցների համար: Այս պահին 9-րդ տուրի մնացած պարտիաները շարունակվում են:

«Sinquefield Cup»-ը երրորդ անգամ է անցկացվում: Արոնյանը բոլոր դեպքերում էլ մասնակցելէ մրցաշարին: 2013 թվականին հայ գրոսմայստերը զբաղեցրել է 3-րդ տեղը (4 մասնակից), 2014-ում՝ 5-րդ(6): Ընթացիկ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազար դոլար:

Լևոն Արոնյանն, ի թիվս մյուս հայ շախմատիստների` Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքումյանի ու Սամվել Տեր–Սահակյանի, կմասնակցի Բաքվում շախմատի աշխարհի գավաթի խաղերին, որոնք մեկնարկում են սեպտեմբերի 10-ին:

Աշխարհի գավաթի խաղերը կտևեն մինչև հոկտեմբերի 4-ը: Առաջնությանը կմասնակցեն 128 շախմատիստ` նոկաուտ համակարգով։ Մրցանակային ֆոնդը կազմում է $1.6 մլն։

Վիճակահանության արդյունքում որոշվել են առաջնության մեկնարկային խաղի մասնակիցների հակառակորդները: Լևոն Արոնյանը կմրցի Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Մայքլ Վեդենկելերի հետ: Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի Նիկիտա Վիտիուգովը (Ռուսաստան): Գաբրիել Սարգսյանը կխաղա լեհ Մաթեուս Բարտելի հետ, Հրանտ Մելքումյանը` ամերիկացի Գատա Կամսկու հետ:

Աշխարհի գավաթի հաղթողները Հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան։