2 սեպտեմբերի 2015 - 11:48 AMT
Ազատությունը չունի այլընտրանք. Անկախ Արցախը 24 տարեկան է

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը նշում է անկախության հռչակման 24-րդ տարեդարձը:

1991-ի սեպտեմբերի 2–ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրապետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց:

1991-ի դեկտեմբեր 10–ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Արցախում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում Արցախի բնակչությունը «այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին: «Այո» էր պատասխանել հանրաքվեի մասնակից քաղաքացիների 99,89%–ը (108.615 մարդ):

1991-ի դեկտեմբերի 28-ին ձևավորված ԼՂՀ Գերագույն խորհուրդն (խորհրդարան) ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին, դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ իրավական փաստաթղթերի հաջորդականությունը, որոնք ապահովում են քաղաքական կարգավիճակի ինքնուրույն որոշման Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության տոնի առթիվ, որում ասել է, որ Արցախի անկախության օրը համայն հայության մեծ տոնն է, բայց առաջին հերթին` արցախցիների:

«1991-ի նվիրական այս օրը` անկախության հռչակմամբ բռնության ու բռնապետության ճիրաններից, ազգային ու կրոնական խտրականության, հալածանքների ու ջարդերի, ստի, կեղծիքի ու հակահայկական ռասիստական քարոզչության ճիրաններից դուրս բերվեց հայության տառապյալ, բայց նաև հերոսական հատվածներից մեկը: Եվ դա արեցիք դուք»:

Ըստ նախագահի՝ այդ պատմական քայլով սկսվել է պայքարը հանուն սեփական տանն արժանապատվորեն ապրելու իրավունքի, հանուն մարդկային ու ազգային իրավունքների:

«Օր օրի աշխարհում ավելի ստվարանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի բարեկամների շարքերը: Օր օրի բարձրանում է ազատության ու ժողովրդավարության ճանապարհով անշեղորեն ընթացող Արցախի միջազգային հեղինակությունը: Դա արդյունքն է ձեր արդար ու ստեղծագործ աշխատանքի», - ասել է Սարգսյանը՝ կրկնելով կարգախոսը. «Ազատությունը չունի այլընտրանք»:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«1991-ի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ծնունդով հայ ժողովուրդն ունեցավ ազատ և անկախ երկու պետություն, իրականություն դարձավ դարեր շարունակ փայփայած, բազում փորձությունների միջով անցած և մինչև մեր օրերը հասած նրա երազանքը: Դա իր հողի վրա տիրոջ իրավունքով ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու սովորական մարդկային ձգտումն է, որը, բնականաբար, հատուկ է յուրաքանչյուր ազգի: Համախմբվելով և միատեղելով մեր ուժերը` պատերազմի դաշտում պաշտպանեցինք մեր ազգային արժանապատվությունն ու ժողովրդի ապագան, այսօր էլ կառուցում ենք ժողովրդավարական պետություն` միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու հայտ ներկայացնելով աշխարհին», - ասել է Սահակյանը՝ընդգծելով, որ դա դժվարին, բայց և պատվաբեր ուղի է, որը նրանք անցնում են Հայաստանի և Սփյուռքի հետ միասին:

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի նախագահը Ստեփանակերտում տիկին Ռիտա Սարգսյանի հետ ներկա է գտնվել Վերածննդի հրապարակում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայկական երկու պետությունների անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների կայացած Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործության արցախյան պրեմիերային: Համերգին ներկա էին նաև Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված համաշխարհային օպերային արվեստի աստղ Լյուբով Կազարնովսկայան և «24/04» համաշխարհային նվագախումբը ապրիլի 24-ին ղեկավարած իտալացի դիրիժոր, Բեյրութի «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոն:

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունում մեկնարկել են տոնական միջոցառումներ: