18 հոկտեմբերի 2006 - 17:53 AMT
5 տարվա ընթացքում Հայաստանի հարաբերություններն ԵՄ հետ դինամիկ զարգացման բնույթ են ստացել
«Ես գոհ եմ որպես առաքելության ղեկավար իմ աշխատանքից, ես լավ համագործակցություն հաստատեցի Հայաստանի իշխանությունների հետ եւ ինձ համար դժվար է մեկնելը: Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը զարգանում էր բարձր տեմպերով եւ ես տպավորված եմ դրանով»,-Երեւանում հայտարարել է Հայաստանում եւ Վրաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Թորբեն Հոլցեն, որի լիազորություններն այսօր ավարտվում են: Դիվանագետը նշել է նաեւ, որ անցած 5 տարվա ընթացքում Հայաստանի հարաբերություններն ԵՄ հետ դինամիկ զարգացման բնույթ են ստացել: Այդ հարաբերությունները սկսվել են 1999 թվականին Հայաստանի եւ ԵՄ միջեւ գործընկերության եւ համագործակցության ծրագրի ստորագրմամբ: 2003 թվականին այդ հարաբերությունները որակական փոփոխություններ են կրել Հարավային Կովկասի երկրներում ԵՄ հատուկ ներկայացուցչի նշանակման արդյունքում,-նշել է նա: «Այդպիսով, ԵՄ-ն ընդգծել է իր ուղղվածությունը դեպի Հարավային Կովկաս»,-նշել է Հոլցեն` հավելելով, որ 2004 թվականին Հայաստանն ընդգրկված էր ԵՄ նոր հարեւանության քաղաքականության ծրագրում, իսկ երեք շաբաթ առաջ հաստատվեց Հայաստանի գործողությունների ազգային ծրագիրը: Ազգային ծրագրի իրագործմամբ կնշանավորվի հարաբերությունների հետագա խորացումը Հայաստանի եւ ԵՄ միջեւ, ամփոփել է Թորբեն Հոլցեն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: