Տավուշում պայմանագրային է զոհվել. Լայնածավալ գործողությունների նախանշաններ չկան

Տավուշում պայմանագրային է զոհվել. Լայնածավալ գործողությունների նախանշաններ չկան

PanARMENIAN.Net - Տավուշում հակառակորդի գնդակից պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը: Այդ մասին սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում սպանության դեպքի առթիվքրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:

Նրա խոսքով՝ մարտական գործողություններ այս պահին ընթանում են, բայց լայնածավալ գործողությունների նախանշաններ չկան:

«Գիշերը հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքից՝ մեծ տրամաչափի գնդացիրներից ու դիպուկահարներից, 60 և 80 տրամաչափի ականանետերից։ Ականանետների արկերը բավականին շատ են եղել»,- ասաց նա:

Անդրադառնալով լրատվամիջոցներում տարածվող տարհանման մասին լուրերին, Հովհաննիսյանը նշեց.

«Դրանք իրականությանը չեն համապատասխանում: Կոնկրետ Տավուշում այժմ ուսումնական բազա է տեղակայվել մի քանի հազար մահճակալով, ու «Շանթ-2015» զորավարժության շրջանակում տարհամնան հնարավոր սցենար է փորձարկվում»:

Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարելու է ՀՀ նախագահը:

Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Խոսելով հասարակության շրջանում խուճապի մասին, ՊՆ մամուլի քարտուղարն ասաց, որ փորձը ցույց է տվել՝ այն բնակավայրերում, որտեղ հրադադարը պարբերաբար խախտվում է, ժողովուրդը խուճապի չի մատնվում, ու Երևանում շրջանառվող այդ լուրերն իրականում տասնապատկված են:

Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է: Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից, նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահամանամերձ գյուղերի ուղղությամբ: Տավուշի 20 գյուղն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել, որոնց վիճակը կայուն է, կյանքի էլ վտանգ չի սպառնում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---